Հինգշաբթի, Ապրիլի 18, 2024

Վերլուծական

Ավանդական մտածողության ուժը. սատանա՞ կա քաղաքում

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հայաստանի քաղաքական կյանքում պարբերաբար ի հայտ են գալիս թեմաներ, որոնք ստեղծում են քաղաքական անցողիկ օրակարգեր՝ մարդկանց բաժանելով տարբեր ճամբարների։ Ընդ որում` աչք է զարնում, որ այդ թեմաների շուրջ բանավեճերը միանգամից ընթանում են մտածողության մի ուրույն հարացույցի շրջանակում։ Թեմայի բովանդակությունը մի կողմ թողնելով՝ փորձ է կատարվում պարզել, թե ով է տվյալ մտքի կամ արարքի հեղինակը եւ ով է կանգնած վերջինիս հետեւում։ Ներկա ներհայաստանյան քաղաքական կյանքի այդ նրբերանգները հասկանալու համար մի փոքր պատմական էքսկուրս կատարենք։

Քաղաքականության առանցքը բոլոր ժամանակներում եղել է մարդկային մեծ ու փոքր խմբերի մտածողությունը։ Անցյալում մարդկանց վրա ազդեցություն ունենալու` անհատի ձգտումը (իշխանության մոտիվը) ստիպել էր, որպեսզի երբեւէ ստեղծվեն մարդկային զանգվածներին հնազանդության մեջ պահելու ու նրանց մտածողությունը վերահսկելու որոշակի մեխանիզմներ։ Ֆիզիկական ուժը, զենքը, պատերազմները ժամանակավոր լուծումներ էին ապահովում։ Հարկ էր հասնել տեւական գերիշխանության։ Հենց այդ գործում հազարամյակներ շարունակ հսկայական դեր էին կատարում կրոնն ու եկեղեցին (տաճարը, մեհյանը)։ Տարբեր գաղափարախոսությունների, ուսմունքների միջոցով կրոնն իշխում էր մարդկային մտքի ու դրա միջոցով` նաեւ հոգու վրա։ Իսկ եկեղեցու միջոցով կարգավորվում էին նույն այդ գաղափարախոսությունների գործնական ազդեցության խնդիրները։

Ինչպես ամենուր, կրոնական գիտակցության գերիշխանության տակ էր գտնվում նաեւ հայ ժողովուրդը։ Օրինակ՝ Հին եւ Միջնադարյան Հայաստանում թագավորական իշխանությունը համարվում էր աստվածատուր։ Հեթանոսության շրջանում քրմությունը՝ թագադիր ասպետի, իսկ քրիստոնեության շրջանում հոգեւորականությունը՝ հայոց հայրապետի գլխավորությամբ, թագադրության արարողություն կատարելով, ապահովում էին թագավորի լեգիտիմությունը։ Առանց համոզմունքի, որ թագավորի իշխանությունն աստվածատուր է, չէր կարող լինել ոչ մի հպատակություն։ Ընդհանարապես` մարդկանց մտքերի վրա ունեցած այս կամ այն ազդեցությամբ էր ապահովվում հանրային համակեցությունը։ Արդյունքում իրավունքի աղբյուր դառնում էին եկեղեցու կանոնադիր ժողովները, իսկ դատավորներ՝ հոգեւորականները։

Լուսավորության դարաշրջանում հանրային մտածողության մեջ տեղի ունեցան հեղափոխական փոփոխություններ։ Եվրոպայում կրոնական գիտակցությունը հետզհետե իր տեղը զիջեց իրավական գիտակցությանը։ Մարդկային հարաբերությունները, դպրոցը, իրավունքը, դատարանը դուրս եկան կրոնական հարկադրանքի տակից, եկեղեցին անջատվեց պետությունից, իսկ թագավորական իշխանություններն ու ազնվականությունը զրկվեցին հպատակների մտածողության վրա ազդելու իրենց նախկին լծակներից։ Քաղաքական սուբյեկտներ դարձան նաեւ հասարակ հպատակները՝ բոլոր նրանք, ովքեր սկսեցին մտածել ու գործել իրենց անհատական կամքի արտահայտման դիրքերից։

Այդ տեսանկյունից նորանկախ Հայաստանի քաղաքական պատմությունը կամային վարքի տարօրինակ մի պատկեր է մեզ ցուցանում։ Մեր հանրության երեսնամյա ինքնուրույն ընթացքը, թվում է, պետք է առավել լայն դաշտ բացեր քաղաքական գիտակցության ծավալման համար։ «Թավշյա» հեղափոխության օրերին շատերն էին զարմացել, որ քաղաքացին՝ մերժելով իրեն հասու մտածողության նախկին ձեւը, չսպասելով, թե իրեն ինչ կհամոզեն, ինքնուրույն որոշումներ կայացնելով ու գիտակցված վարքով, դարձել էր քաղաքական կյանքի հիմնական սուբյեկտը։ Սակայն հեղափոխությունից ընդամենը ամիսներ անց քաղաքական օրակարգերի հիմքում կրկին դրվում են այն նույն կլիշեները, որոնք տասնամյակներ ու հարյուրամյակներ շարունակ հայությանը պահել են կրոնական գիտակցության կապանքներում։ Հանրային կարծիքը կրկին ձեւավորվում է՝ հիմքում ունենալով այն նույն մտածողությունը, ըստ որի` տեղի ունեցող անգամ ամենափոքր շարժի հետեւում կանգնած է այս կամ այն հեղինակավոր ուժը կամ անհատը։

Նախքան «թավշյա» հեղափոխությունը քաղաքական գործընթացների հիմքում մեր հանրության մեծամասնությունը տեսնում էր շատ քիչ թվով դերակատարների։ Նորահայտ ցանկացած սուբյեկտ հանրային-քաղաքական շրջանակների կողմից միանգամից «սկանավորման» էր ենթարկվում՝ պարզելու համար, թե ում ականջներն են երեւում նրա հետեւում։ Ականջներ որոնելու փնտրտուքը, սակայն, դրանով չէր ավարտվում։ Հաճախ «հավակնորդներն» իրենք էին ականջներ ցույց տալիս իրենց հետեւում։ Քաղաքական դեմք դառնալու համար բավարար էր անգամ Մոսկվա մեկնելն ու դա Կրեմլի կողմից իրենց անձի նկատմամբ ցուցաբերված բարեհաճություն ներկայացնելը։ Ու այդ ամենը միայն այն պատճառով, որ հանրությունը պատրաստ էր քաղաքական համարել բոլոր այն ապաքաղաքական (ապասուբյեկտային) գործողությունները, որոնցում տեղ էր գտնում ինչ-որ ուժից «դաբրո» ստանալու եւ նրան հպատակություն հայտնելու երեւույթը։

Թե ինչպես են մտածում մարդիկ եւ ինչի շուրջ` դրանից էլ ածանցվում է մեր քաղաքական կյանքը։ «Ականջներ» փնտրելու երեւույթը որոշակի մտածողության ձեւ է, որը մերժում է անհատական կամքի գոյությունը։ Ըստ այդ մտածողության, քաղաքական սուբյեկտներ են միայն նրանք, ովքեր ունեն փող եւ իշխանություն։ Իհարկե, հանուն փողի ու կառավարողների բարեհաճության, ներկայումս կատարվում են բազում արարքներ եւ ասվում են շատ խոսքեր։ Բայց խոսքն այն մասին է, որ մեր հանրությունը բոլոր դեպքերում ոչ թե ստեղծում է բովանդակություն, այլ բնական քաղաքական տեղաշարժերի մեջ փորձում է դիրքավորվել ըստ իրեն հայտնի կլիշեների։ Եթե քաղաքական ինչ-որ գործողություն որեւէ հեղինակության անվան հետ չի կապվում (Տեր-Պետրոսյան, Քոչարյան, Սարգսյան, Փաշինյան եւ այլն), ապա այն առավելապես դուրս է մղվում քաղաքական օրակարգից։ Իսկ եթե անհայտ կամ քիչ հայտնի հեղինակների համառության ու կամքի շնորհիվ քաղաքական օրակարգում, ի վերջո, հայտնվում է որեւէ թեմա, ապա չի ընդունվում այդ գործի կամ մտքի հեղինակների ինքնուրույնությունը։

Կրոնական գիտակցությամբ առաջնորդվող հանրություններում եւս հեղինակության հարցը առաջնային է ու առասպելաբանորեն բացատրելի։ Ուստի որոշակի կամքի տեր, սակայն բավարար հեղինակություն չունեցող անձանց ինքնուրույն վարքի շարժառիթները փորձ է արվում փնտրել այլ տեղերում։ Այդպես վերադարձ է կատարվում դեպի հին աստվածներն ու սատանաները։ Սեփական կուռքի պաշտպանությամբ տարված մարդիկ երեւույթները բացատրում են ըստ կրոնական ֆունդամենտալիզմի սկզբունքների։ Սա հիշեցնում է ֆրանսիացի փիլիսոփա Վոլտերի այն միտքը, որ եթե անգամ Աստված գոյություն չունենար, ապա հարկ էր նրան հորինել։ Այդպես քաղաքում ավանդական մտածողության ուժով ստեղծվում են հերթական «սատանաները»։

«Թավշյա» հեղափոխությունը կամային անհատի ծնունդն էր ազդարարել։ Կախված նրանից, թե ինչպես եւ ինչի շուրջ ենք մտածում՝ «նորամանուկին» կյանք տվողն էլ ենք մենք, հոգեառն էլ։ Եթե մանուկն այսօր անշունչ է, ապա ոչ մի հեղափոխություն էլ տեղի չի ունեցել։

 

Սարո Սարոյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: