Ուրբաթ, Հոկտեմբերի 04, 2024

Վերլուծական

Փաշինյանի սուտը բռնվեց

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ժողովրդական խոսք կա՝ գողինը եւ անառակինը 40 օր է: Քառասունը խորհրդանշորեն է ասված, իրականում կարող է պահանջվել դրանից ավելի քիչ կամ ավելի շատ ժամանակ, բայց ամեն դեպքում զանցանքը կբացահայտվի`ոչինչ գաղտնի չի մնում: Նույն կանոնն է գործում նաեւ ստախոսի պարագայում: Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է մոտ մեկ տարի առաջ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հայտարարությունը, որն Ազգային ժողովում հնչեց 2022թ. ապրիլի 13-ին՝ արցախյան թեմայի համատեքստում: Փաշինյանը հայտարարել էր, թե միջազգային հանրությունը պահանջում է մի փոքր իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը:

«Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, եւ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի ու Արցախի շուրջ»,- ասել էր նա խորհրդարանի ամբիոնից՝ այդպես էլ չհստակեցնելով, թե պաշտոնական Երեւանն, ի վերջո, համաձա՞յն է միջազգային հանրության առաջարկի հետ՝ իջեցնելու կարգավիճակի վերաբերյալ սահմանած նշաձողը, թե ոչ։ Փոխարենը մի քանի անգամ կրկնեց, որ բանակցային ողջ պատմության ընթացքում՝ անցած 30 տարիներին, միջազգային հանրությունը միանշանակ ճանաչել ու ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նույնն ակնկալելով նաեւ Հայաստանից:

Սա, ամենայն հավանականությամբ, Արցախը հանձնելու նախագծի ամենավտանգավոր դրվագն էր, որից հետո ուրվագծվեցին հանձնման գործընթացի մյուս բաղադրիչները: Այդ օրվա բավական ծավալուն ելույթում Փաշինյանը նշել էր, որ կարգավիճակի հարցի մասին Կառավարության մոտեցումը փոխվել է. եթե մինչ այդ կարեւորվում էր նախ կարգավիճակը, եւ անվտանգությունը կապվում էր դրա հետ, ապա այժմ, ըստ նրա, առաջին պլան է մղվում Արցախի անվտանգության եւ ժողովրդի իրավունքների հարցը, ինչից էլ պետք է բխի կարգավիճակը. «Այլ կերպ՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքները»,- ասել է նա:

Այսպես՝ խորամանկորեն նա լղոզում, աղճատում էր արցախյան խնդրի լուծման էությունն ու տրամաբանությունը՝ կարգավիճակին վերապահելով ընդամենը միջոցի դեր, որն, իբր, կոչված է ապահովելու ԼՂ «հայության անվտանգությունն ու իրավունքները»: Մեջտեղից դուրս է բերվում ամենաառանցքային եզրը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի՝ արդեն բանակցային փաստաթղթերում ամրագրված սկզբունքը, տեղը զիջելով տվյալ տեքստում ոչինչ չասող «անվտանգություն» եւ «իրավունքներ» արտահայտություններին: «Մեղավոր եմ, որ 2018, 2019 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր հեռու եւ մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները եւ իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»,- խոսքի շարունակության մեջ նշել էր Փաշինյանը:

Մեր կողմից այս հանգամանալից անդրադարձն ինքնանպատակ չէ: Շատ պարզ երեւում է, որ Փաշինյանն ու «ուսապարկերի» իր թիմը հաստատ որոշում են կայացրել Արցախը եւ նրա շուրջ ստեղծված անվտանգային գոտին, որը ձեռք էր բերվել հազարավոր քաջ հայորդիների կյանքի գնով, վերադարձնել թշնամուն: Այս մարդիկ բացառապես նման առաքելությամբ են 2018-ին եկել իշխանության: Վերը նկարագրված դրվագները՝ «միջազգային հանրությունը պահանջում է», «մեր հեռու ու մոտիկ բարեկամներն ակնկալում են» եւ այլն, միայն սնամեջ «փուչիկներ» են: Նման պահանջ ու ակնկալիք կարող էին ունենալ միայն Ադրբեջանը եւ Թուրքիան, որոնց «միջազգային հանրություն» կամ «հեռու-մոտիկ բարեկամ» դժվար է համարել:

Փաշինյանի հերթական ստի «փուչիկը» պայթեց մարտի 2-ին, երբ Բեռլին երկօրյա այցի ընթացքում հանդիպել էր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում Շոլցը հանդես եկավ ԼՂ խնդրի կարգավորման շրջանակում ազգերի ինքնորոշման սկզբունքին վերաբերող ուշագրավ հայտարարությամբ, որն էլ պայթեցրեց «նշաձողի» մասին փուչիկը: Կանցլերը մասնավորապես ընդգծել է. «Գերմանիան ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքի կողմնակից է»: Միաժամանակ նա նշել է, որ Գերմանիան մտահոգված է Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող անկայունությամբ եւ Արցախում հետզհետե սրվող հումանիտար իրավիճակով։

Շատ քաղաքագետների դիտարկմամբ՝ չնայած Շոլցի հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկա, քանի որ երկու սկզբունքներն էլ (ազգերի ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն) ամրագրված են Մադրիդյան սկզբունքներում, բայցեւայնպես՝ շատ կարեւոր է, որ կանցլերը հիշատակեց ինքնորոշման իրավունքի սկզբունքը՝ այն դնելով տարածքային ամբողջականության սկզբունքի հետ հավասար հարթության վրա: Նման արձանագրումը մեզ համար հրատապ է հատկապես նրանով, որ հերքում է Իլհամ Ալիեւի պնդումներն առ այն, թե, իբր, Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն չունի, այն լուծված է եւ կարիք չկա այսուհետ դրան անդրադառնալու:

Մյուս ոչ պակաս կարեւոր հանգամանքը,- այդ մասին նշվեց վերը,- ԱԺ-ում Փաշինյանի՝ մեկ տարվա վաղեմության հայտարարության սնանկության բացահայտումն է: Միջազգային հանրությունն Արցախի կարգավիճակի հարցում երբեք ճնշում չի բանեցրել հայկական կողմի վրա: Դրա ապացույցների պակաս չկա: Հիշենք ԼՂՀ-ն ճանաչելու անհրաժեշտության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի Սենատի 2020թ. նոյեմբերին ընդունած բանաձեւը, որով կառավարությանը կոչ է արվում ճանաչել ԼՂ-ի անկախությունը: Հիշենք նաեւ մյուս ծանրակշիռ փաստարկը՝ 2017թ. Ադրբեջանի կառավարության նիստում Ալիեւի հայտնի տրտունջները, թե միջազգային հանրությունը փակ դռների հետեւում մեզ ստիպում է ճանաչել ԼՂ-ի անկախությունը:

Այսուհանդերձ՝ շատ փորձագետներ խորհուրդ է տալիս շատ չոգեւորվել եվրոպացի պաշտոնյաների հայտարարություններից եւ ավելորդ պատրանքներ չտածել: Ըստ նրանց, Գերմանիան չունի այն ներուժը, որպեսզի առանց Բրյուսելի եւ Վաշինգտոնի կարողանա ինքնուրույն, ինքնաբավ դերակատարում ունենալ հարավկովկասյան տարածաշրջանում: «Գերմանիան կոորդինացված աշխատելու է Բրյուսելի ու ԱՄՆ-ի հետ, իսկ Արեւմուտքի մոտեցման համաձայն` ԼՂՀ անկախության հարց չկա։ Շոլցի կամ արեւմտյան դիվանագետների պատկերացրած ինքնորոշումը ոչ բոլոր դեպքերում է ենթադրում անկախություն, ինչպես մեզ հաճելի է լսել»,- նկատում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Բեռլինում Փաշինյանը չարձագանքեց կամ չցանկացավ տոն տալ Գերմանիայի կանցլերի արտահայտած հայանպաստ մտքերին, նախընտրեց անդրադառնալ ԵՄ դիտորդական խմբի առաքելությանը՝ համոզմունք հայտնելով, որ այն «վճռորոշ դեր կխաղա» տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման գործում: Արդեն երեք շաբաթ է՝ եվրոպացի դիտորդները հեռադիտակներով «զինված» սահմանին են, սակայն Արցախը նրանց ո՛չ «վճռական դերը» տեսավ, ո՛չ անվտանգությունն ու կայունությունը: Ակամա հիշում ես Կոսովան, Բոսնիա-Հերցոգովինան, Ռուանդան, որտեղ ՄԱԿ-ի կապույտ բերետավոր խաղաղապահների աչքի առջեւ ուղղակի ցեղասպանություն էր տեղի ունենում:

Շոլցի հայանպաստ հայտարարության հենքին տարօրինակ կթվար Հայաստանի ղեկավարի պահվածքը, եթե դա Նիկոլ Փաշինյանը չլիներ: Վերջինս, բնականաբար, խուսափեց որեւէ կերպ արձագանքելուց եւ զրույցն ուղղորդեց դեպի իր ամենասիրած թեմայի՝ խաղաղության դարաշրջանի բացման հուն: Նա ասաց, որ Երեւանը որոշել է տարանջատել Ղարաբաղը հայաստանյան գործընթացներից եւ նշեց, որ Ստեփանակերտի ու Բաքվի միջեւ կձեւավորվի անվտանգության միջազգային երաշխիքների գործիքակազմ: Թերեւս սա այն ամենն է, ինչ վերջին հինգ տարում ինքը կարողացել է անել Արցախի համար՝ նրան նետելով Ադրբեջանի երախը:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: