Չորեքշաբթի, Հուլիսի 28, 2021

Վերլուծական

Իշխանության «մուրճի» թիրախում համայնքապետերն են

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Երեք տարի թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական սկզբունքներով հանրության «գլուխն արդուկող», բայց գործնականապես բռնատիրական հակումներ դրսեւորող, քաղաքական ընդդիմախոսներին «ասֆալտին փռող» ու «պատերով տվող» իշխանությունը հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո քաղաքական հայացքների համար հետապնդումներ է սկսել ընդդեմ այն գործիչների ու անձանց, որոնք հանդգնել են ընտրություններում չսատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ նախապատվությունը տալով հիմնական ընդդիմադիր ուժերին՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներին:

Ոխակալ իշխանության մուրճի թիրախում առաջինը հայտնվեցին, այսպես կոչված, ոչ յուրային համայնքապետերը: Քիչ համարելով նրանց հանդեպ պաշտոնաթողության պահանջներ ներկայացնելը, տարբեր հոգեբանական ճնշումները, Նիկոլ Փաշինյանի թիմակիցները ՏԻՄ անհնազանդ ղեկավարների դեմ գործի են դրել սպառնալիքներն ու բռունցքները: Իշխանավարման ողջ ընթացքում սա վարչապետի պաշտոնակատարին բնորոշ ձեռագիր է: 2018-ի իշխանափոխությանը տալով «թավշյա»՝ քնքուշ անուն, ՔՊ առաջնորդը միշտ հակառակ կերպ էր վարվում. նա պառակտում էր հասարակությունը, սերմանում ատելություն ու անհանդուրժողականություն, օրենքը կիրառելու փոխարեն մարդկանց ահաբեկում էր «թաթիկներ կտրելով», իր մոտեցումները չընդունողներին, չհպատակվողներին ենթարկում հալածանքների, ազդարարում, թե եկել է «քաղաքացու վրեժի» ժամանակը, խոստանում «մեյըդներ» (դիակներ) փռել եւ այլն:

Հետո հասկացողները հասկացան, որ «թավիշը» պարզապես հնարովի բառեզր է, որով իմքայլական իշխանությունը փորձում է արդարացնել կամ պարտակել պետական կառավարման ոլորտում իր անկարողությունն ու անկազմակերպվածությունը, թույլ տված կադրային ձախողումները: Այսինքն՝ ջանում էր ցույց տալ, որ մեզանում առկա թերությունները իշխանափոխության «թավշյա» սկզբունքով պայմանավորված՝ փափուկ, մեղմ, որոշակի առումով մարդասիրական վերաբերմունքի դրսեւորման հետեւանք են, եւ չափից ավելի բարությունն է, իբր, իշխող համակարգի միակ «բացթողումը»: Նկատենք, որ նույնքան հնարովի եզրույթ է նաեւ «պողպատե» մանդատը, որով իշխանությունը պատրաստվում է ժողովրդին «կերակրել» կառավարման նոր ժամկետում՝ առաջիկա 5 տարիներին, քանի որ «թավիշն» արդեն մաշվել ու մատնել է իր սնանկությունը: Իբր՝ «պողպատը» թույլ կտա գործել նորովի՝ ավելի վճռական ու հաստատակամ:

Բայց, ինչպես ասում են, «կարմիր կովը կաշին չի փոխում»: Հունիսի 21-ին վարչապետի պաշտոնակատարը Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքում արծարծում էր միմյանց համերաշխության ձեռք մեկնելու, հայհոյախոսությանն այլեւս վերջ տալու թեման, մինչդեռ դրանից մեկ օր անց արդեն մամուլն ու սոցցանցերը ահազանգում էին բազմաթիվ համայնքներում կատարվող մտահոգիչ միջադեպերի մասին. բոլոր այն համայնքապետերին, որոնք անցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում եղել են «Հայաստան» դաշինքի համախոհները կամ թիմակիցները, սպառնալիքներով հորդորում են ինքնակամ հրաժարական տալ: Նման պահանջ էր դրվել, օրինակ, Լոռու մարզի Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի առջեւ, իսկ երբ վերջինս հրաժարվել էր կատարել մարզպետի պահանջը, հենց մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, ենթարկվել էր ծեծի:

«Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գեւորգյանի համոզմամբ՝ միջադեպն ուղղակիորեն առնչություն ունի նախընտրական քարոզարշավի ժամանակ Օձունի համայնքապետի՝ իրենց դաշինքին սատարելու հանգամանքի հետ: Գեւորգյանն անօրինական է որակել Օձունի համայնքապետին ներկայացված հրաժարականի պահանջը, ինչը նաեւ հակասում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին: Տիտանյանը նույն օրը ՀՀ ոստիկանությունում հաղորդում էր տվել իր նկատմամբ կատարված հանցագործության մասին, հարուցվել էր քրեական գործ, համայնքապետը տուժող էր ճանաչվել, սակայն գործին առայժմ պատշաճ ընթացք չի տրվում: Ըստ երեւույթին, այն խճճվել-մնացել է ՀՀ գլխավոր դատախազություն-ՀՀ քննչական կոմիտե ճանապարհի ինչ-որ խորխորատում:

«Հայաստան» դաշինքը հունիսի 22-ին տարածած հայտարարության մեջ դատապարտել է Օձունի համայնքապետի հետ կատարվածը եւ հավաստիացրել, որ միջոցներ կձեռնարկի երկրում քաղաքական բռնաճնշումները կանխելու եւ հաշվեհարդար իրականացնող անձանց օրենքի ողջ խստությամբ պատժելու համար։ «Իսկ եթե իշխանությունները չդադարեցնեն այս գործելակերպը, ապա սկիզբ կդնեն քաղաքական նոր ճգնաժամի»,- մասնավորապես ասված է հայտարարությունում։ Ամենատարօրինակն այն է, որ իշխանությունները տվյալ արատավոր գործելաոճը դադարեցնելու միտք չունեն: Նրանք չեն էլ թաքցնում կամ, միգուցե, չեն գիտակցում, որ քաղաքական կողմնորոշումների համար հետապնդումներն ապօրինություն են, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում:

Լոռու մարզպետ, «Քաղպայմանագիր» կուսակցության անդամ Արամ Խաչատրյանը «Ազատության» եթերից բացեիբաց հայտարարում է, որ իշխող քաղաքական ուժին չսատարած գյուղապետերը՝ նրանք, ովքեր մեզ հետ չեն, պետք է հեռանան: «Այդ մարդիկ պետք է հրաժարական տան եւ նորից մասնակցեն ընտրություններին, որպեսզի հասկանան՝ արդյո՞ք ժողովուրդն իրենց վստահում է, թե չի վստահում»,- առանց այլեւայլության ասել է Խաչատրյանը՝ ցույց տալով համայնքապետերի ընտրության ընթացակարգից իր լիակատար անտեղյակությունը: «Մարզպետը որեւէ մեկին հրաժարական ներկայացնելու, հորդոր անելու, նույնիսկ խնդրանք ներկայացնելու իրավունք չունի»,- հակադարձում է «Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը: Ըստ նրա, Տիտանյանը իշխանությունների քիմքին անհաճո միակ դեմքը չէ. Ռոբերտ Քոչարյանին աջակցող բոլոր համայնքապետերն են հայտնվել Փաշինյանի մուրճի սպառնալիքի տակ, այդ թվում՝ ազգային փոքրամասնության՝ եզդիական չորս համայնքների ներկայացուցիչներ:

ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները Սյունիքում մի քանի անգամ ապտակել են, ըստ էության՝ ծեծի են ենթարկել Մեղրիի քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Մխիթար Զաքարյանի դեմ ցուցմունք չտված քաղաքացիներից մեկին, որպեսզի վախ առաջացնելու միջոցով կարողանան մյուսներից ցուցմունքներ կորզել, ինչը, սակայն, չի հաջողվել: Մեկ այլ տեղ՝ Լոռիում, մարզպետի եղբայրն իր շքախմբով փորձել է ահաբեկել Գյուլագարակի համայնքապետ Մհեր Գեւորգյանին՝ պահանջելով հրաժարական տալ «Հայաստան» դաշինքին աջակցելու համար, սակայն արդյունքի չի հասել: Գյուղապետի խոսքով՝ մարզպետի հետ ինքը վատ հարաբերություններ չունի՝ գիտի, որ իրեն հեռացնելու հրահանգը Փաշինյանից է եկել: «Պարտված վարչապետն ինձ ասում է՝ պիտի հեռանաս: Ինքը պատերազմը պարտվել է, դուրս չի գալիս, ես որ Ռոբերտ Քոչարյանի մոտ եմ կանգնել, պարտվե՞լ եմ: 3 տարի է՝ գիտեն, որ ես իրենց հետ չեմ քայլում»,- ասել է Գյուլագարակի գյուղապետը:

Այսպիսի դեպքերը շատ-շատ են, եզրակացությունը՝ մեկը. տակավին չկազմավորված իշխանությունն ուզում է ձերբազատվել իրեն չընդունող, իր հայացքները չկիսող ՏԻՄ առաջնորդներից, եւ ոչ միայն նրանցից: Թիրախում են նաեւ պարտված իշխանության համար անցանկալի մտավորականներ, բարձրաստիճան զինվորականներ, անվանի բժիշկներ, քաղաքական գործիչներ եւ այլ ներունակ ընդդիմախոսներ, որոնք վտանգ են ներկայացնում իշխանության ինչ-ինչ կասկածահարույց ծրագրերի իրականացման ճանապարհին: Այդ տրամաբանության շրջանակում իշխանություններն ուժեղացրել են բռնաճնշումները Սյունիքի այն համայնքապետերի դեմ, որոնք հայ-ադրբեջանական սահմանազատումների, այսպես կոչված, «Մեղրիի միջանցքի» հարցերում ընդգծված անհամաձայնություն ունեն Կառավարության որդեգրած քաղաքականության հետ:

Հուլիսի 6-8-ը իշխանությունը սեւեռված էր Գորիս եւ Քաջարան քաղաքների վրա: Այդ օրերին հերթական անգամ շինծու կամ, փաստաբան Ալեքսանյանի խոսքով ասած, անհեռանկար գործերով հետապնդումների ենթարկվեցին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը եւ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը՝ երեքն էլ «Հայաստան» դաշինքի անդամ կամ համակիր: Նրանց նկատմամբ տարբեր մեղադրանքներ էին «կարվել»: Առուշանյանն ինչ-որ գործի շրջանակում որպես կասկածյալ բերման էր ենթարկվել Հատուկ քննչական ծառայություն, Ավետյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարվել էր, եւ նա կալանավորվեց, իսկ Փարամազյանի բնակարանը, աշխատասենյակն ու ավտոտնակը խուզարկելուց եւ ոչինչ չհայտնաբերելուց հետո ԱԱԾ-ի համազգեստով մարդիկ նրան տարել էին անհայտ ուղղությամբ:

ԱԱԾ աշխատակիցները հուլիսի 8-ին խուզարկություն իրականացրին նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Այս մասին Аysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է կոմբինատի տնօրենների խորհրդի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։ Նրա տեղեկացմամբ՝ ԱԱԾ աշխատակիցները, առանց որեւէ հիմքի, ձերբակալել են աշխատակիցներից երկուսին, որոնց գտնվելու վայրն իրենց հայտնի չէ։ «Քաղաքական «բեսպրեդել» է։ Այս ապաշնորհ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի գործարանը կանգնի կամ խափանվի նրա բնականոն աշխատանքը»,- հավելել է Հակոբյանը։ Իշխանության արատավոր գործելաոճը դատապարտել է նաեւ «Հայաստան» դաշինքը. «Այսպիսով՝ շարունակվում են երկրում մեկ մարդու իշխանություն հաստատելու փորձերը»,- ասված է դաշինքի տարածած հայտարարության մեջ:

Իրավագետների մեծամասնությունը համոզված է, որ վարչապետի պաշտոնակատարը, առհասարակ, լիազորություն չունի անելու այն, ինչ անում է: Նրանց կարծիքը մնում է անփոփոխ՝ եթե վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել, եւ հրաժարականի հիմքը ընդունվել է նախագահի հրամանագրով, նա արդեն նախկին վարչապետ է: Բայց օրենքի պահանջը, ըստ երեւույթին, Փաշինյանի համար «ասնավանի» չէ. իշխող քաղաքական ուժը «պողպատը» վերցրել, ընկել է ժողովրդի ընտրած համայնքապետերի հետեւից, իսկ «թավիշը» պահում է հատուկ «կիրթ» ու «կառուցողական» մարդկանց համար:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: