Կիրակի, Հոկտեմբերի 13, 2024

Գրքի մեկնություն

«Անկախության մանկական հիվանդությունը» Ավետիք Իշխանյան

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

«Անկախության մանկական հիվանդությունը», Ավետիք Իշխանյան, հոդվածների, հուշագրությունների ժողովածու, 396 էջ, «Գեւորգ-Հրայր» ՍՊԸ, «Լուսակն», 2023թ.:

Ժողովածուի՝ հրապարակախոսական ու երգիծական շնչով տոգորվածն հոդվածաշարերը հիմնականում ներկայացնում են վերջին 5-6 տարիների հանրային-քաղաքական, սոցիալ-տնտեսական ամենակարեւոր հանգրվանների համայնապատկերը: Դրանք ճանաչված իրավապաշտպանի եւ «Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահի հրապարակումներն են, որոնք պարբերաբար զետեղվում էին մամուլում՝ մասնավորապես «Առավոտ», «Հետք», «168 ժամ», «Հրապարակ», «Ազգ» եւ այլ լրատվամիջոցներում:

Հատորը բաղկացած է երեք թեմատիկ գլուխներից ու կրում է «Հրապարակախոսական», «Կեսկատակ» եւ «Հիշողություններ» խորագրերը: Հեղինակը սթափ հայացքով ընթերցողին է փոխանցում ՀՀ անկախության արժեքների խեղաթյուրումների, բանակի, ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշումների, բնապահպանական խնդիրների, դատաիրավական ամենաթողության եւ բազում այլ հրատապ հարցերի շուրջ սրտացավ քաղաքացու իր մտահոգությունները՝ փորձելով իրավիճակի հանգուցալուծման արդյունավետ տարբերակներ առաջակել:

Իշխանյանի հոդվածների հենքը եւ գաղափարական ատաղձը հայրենասիրությունն է, մարդու հիմնարար իրավունքների մշտատեւ ու անշահախնդիր պաշտպանությունը, հանրային կյանքի բոլոր ոլորտներում փոփոխությունների, ազգային եւ համամարդկային արժեքների ներմուծումը:

Հրապարակումների մեծ մասը՝ գլխավորապես «Հրապարակախոսական» բաժնում, կառուցված է ներկա իրականության եւ հայոց մեծերի կարեւոր պատվիրանների ու խորիմաստ նարատիվների համադրման սկզբունքով, ինչն ավելի բազմաշերտ, գունեղ եւ համոզիչ է դարձնում ինչպես ներկայացված նյութերի բովանդակությունը, այնպես էլ բացասական որոշակի իրավիճակների առաջացման պատճառահետեւանքային կապերը:

Հեղինակի սուր եւ դիպուկ քննադատության թիրախում գործող իշխանության վարած ապաշնորհ, կորստաբեր քաղաքականությունն է ու այդ քաղաքականության շուրջ իրենց «ձեռքերը տաքացնող» եւ քաղաքագետներ ու փորձագետներ հորջորջվող, թշնամու առջեւ սողացող արծաթասեր դուրսպրծուկները: Հոդվածներից մեկում Իշխանյանը գրում է. «Ո՞վ կմտածեր, որ հոգով ստրուկ, հիշողություն չունեցող մանկուրտները կկառավարեն Հայաստանը»: Ըստ նրա, այդպիսի «կառավարումը» երկիրը կործանման տանող ճանապարհ է: Իսկ ո՞րն է ելքը:

Այդ առնչությամբ Հայաստանի «Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահը ժողովածուում ներկայացրել է իր տեսլականը. «Արցախյան հաղթանակն ամրապնդելու եւ Հայաստանի պետականությունը պահպանելու համար անհրաժեշտ էր ոչ միայն պետական, այլեւ բոլոր քաղաքական ուժերի, հասարակության, ժողովրդի ջանքերի գերլարում, եթե կուզեք՝ նպատակ եւ, այո, պետական-քաղաքական նվիրյալ գործիչներ»,- համոզմունք է հայտնում հեղինակը՝ հավելելով, որ միայն այս դեպքում կզարգանային ռազմարդյունաբերությունը, տնտեսությունը, կրթությունն ու գիտությունը, եւ մենք կունենայինք հզոր պետություն, իրական դաշնակիցներ ու հարգանք այլ պետությունների ու միջազգային կառույցների, անգամ մեր հակառակորդների կողմից։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: