«Ներսես Մաժանը եւ ուրիշներ. Ֆանտաստիկայի կարոտախտ», «Էդիթ Պրինտ», 2019թ.
Ռուսաստանում սեպտեմբերին կայացել է Մոսկվայի գրքի միջազգային 32-րդ ցուցահանդես-տոնավաճառը: ԱՊՀ տարածաշրջանում ամենահեղինակավոր այդ գրական իրադարձությանը մասնակցել է նաեւ Հայաստանը: Մոսկվա մեկնող պատվիրակության կազմում էր նաեւ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում ներկայացվել է «Ներսես Մաժանը եւ ուրիշներ. Ֆանտաստիկայի կարոտախտ» (Нерсес Мажан и другие. Ностальгия по фантастике) ռուսերեն գրքի շնորհանդեսը, որը լույս է տեսել «Էդիթ Պրինտ»-ի նախաձեռնությամբ:
Ժողովածուն նվիրվում է գրողներ Կարեն Սիմոնյանի եւ Պերճ Զեյթունցյանի հիշատակին: Նրանք երկուսն էլ մեծ հետք են թողել հայ ժամանակակից արձակում իրենց անկրկնելի ձեռագրով, խիզախությամբ, խիստ սահմանված թեմատիկ եւ ժանրային կանոններից դուրս ստեղծագործելու ունակությամբ: Բացի այս երկու հեղինակների գործերից, ներառված են նաեւ Հայկ Հարությունյանի, Սամվել Դիլանյանի, Էլեոնորա Մանդալյանի, Գոհար Մարկոսյան-Կասպերի, Ռուսլան Սաղաբալյանի, Էդուարդ Գեւորգյանի ստեղծագործությունները:
Ցուցահանդես-տոնավաճառը Մոսկվայի եւ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի ամենակարեւոր մշակութային իրադարձությունն է: Այն ավանդաբար մեկնարկում է սեպտեմբերի առաջին չորեքշաբթի օրը: Իրադարձությանը մասնակցել են մի շարք հրատարակիչներ, գրողներ, թարգմանիչներ, գրախանութներ եւ գրականության ոլորտի այլ ներկայացուցիչներ: