Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Ազատ ամբիոն

Իսկ ձեր «աչքի գերանը» չե՞ք տեսնում...

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Սերժ Սարգսյանի պաշտոնաթողությունից եւ ՀՀ-ում «Թավշյա հեղափոխության» հաղթանակից անմիջապես հետո նոր վարչակարգի դեմ հնի մշտական ​​պայքարը ժամանակ առ ժամանակ սրվում է: Գործի են դրվում պայքարի բոլոր թույլատրելի ու անթույլատրելի հնարքները` սոցիալական ցանցերի եւ ԶԼՄ-ների ամենալայն օգտագործմամբ: Ամեն ինչ արվում է, որպեսզի երկրում տեղի ունեցող դրական գործընթացներն ամբողջությամբ նսեմացվեն եւ լույս աշխարհ գան «ֆեյքային» լուրեր, «հետազոտություններ», մամլո ասուլիսներ ու հարցազրույցներ, որոնցում իշխանությունների ցանկացած գործողություն՝ անկախ դրանց համարժեքությունից, գնահատվեն որպես աղաղակող սխալներ, ձախողումներ, որոնք, իբր, ամենամոտ ապագայում հանգեցնելու են երկրի փլուզմանը: Այսպես` ներքին քաղաքականության մեջ բոլոր նախաձեռնությունները, գաղափարները, երկրի զարգացման վերաբերյալ կառավարության որոշումները, արդյունաբերության եւ բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ` արդյունաբերության ու գիտության կայացման ռազմավարական ուղղությունները, արժանանում են անհիմն քննադատության: Ոմանց կարծիքով, արտաքին քաղաքական գործունեությունն, ընդհանրապես, ոչ մի քննադատության չի դիմանում, եւ երկիրը ոչնչացման եզրին է:

Փոխանակ այնպես անելու, որպեսզի պետականաշինությանն ուղղված բոլոր ձեռնարկումներն ու դրանց իրականացումը տեսնելով` մեր թշնամիները նախանձից պայթեն, Հայաստանում գործում է մարդկանց մի ամբողջ բանակ, որոնք անընդհատ ջուր են լցնում թշնամու ջրաղացին: Ձեռքից բաց թողած իշխանության համար այդ բանակն օգտագործում է պայքարի բազմաթիվ միջոցներ` հույս տածելով վերադարձնել հին վարչակարգը եւ, համապատասխանաբար, վերակենդանացնել կոռումպացված պետության կերակրամանը: Ընդ որում` գործի են դրվում բնապահպանական հիմնահարցերը, արցախյան խնդրի չկարգավորվածությունը, դատավորների նկատմամբ, իբր, ճնշումներ գործադրելու թեզը, «աղբային» ահաբեկչությունը, Ռուսաստանի հետ «ոչ բարյացակամ» հարաբերությունները, «Սորոսի» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների «խափանարար» գործողությունները եւ մի շարք այլ խնդիրներ:

Չպետք է մոռանալ, որ Փաշինյանի կառավարության` իշխանության գալուց անմիջապես հետո Հայաստանում տոտալ պատերազմ հայտարարվեց կոռուպցիային: Թվում է` դա դյուրին գործ է` պետության ղեկավարը կաշառք չի վերցնում, նրան պետք չէ գումարով ճամպրուկներ տանել, կոռուպցիայի բուրգը ոչնչացված է, եւ կոռումպացված պաշտոնյաները բանտում են: Բայց իրականում դա այնքան էլ հեշտ չէ: Պետության կենսագործունեության տնտեսական համակարգը քառորդ դար շարունակ կառուցված է եղել եւ բյուրեղացվել է կառավարման կոռուպցիոն բաղադրիչի վրա: Ամեն ինչի հիմքը կոռուպցիան էր, եւ 1-2 ամսվա, նույնիսկ մեկ տարվա ընթացքում տեխնիկապես անհնար է անցումը կառավարման սկզբունքային նոր համակարգի: Անհավանական ջանքեր պահանջվեցին այդ անցումն իրականացնելու համար: Չպետք է մոռանալ նաեւ, որ Հայաստանի կոռումպացված ղեկավարության հետ սերտ կապեր ունեին միջազգային կազմակերպությունները Եվրոպայում եւ Ռուսաստանում: Այսպես` Հայաստանի Հանրապետական ​​կուսակցությունը, որի կորիզը լիովին կոռումպացված էր, ընդգրկված էր եւ այժմ էլ ընդգրկված է Եվրոպայի ամենաազդեցիկ ու ամենամեծ Ժողովրդական կուսակցության կազմում: Միանգամայն բնական է, որ միջազգային ասպարեզում բոլորը սկսել են զգուշանալ Հայաստանը ղեկավարող Նիկոլ Փաշինյանից:

Նոր կառավարության դեմ պայքարելու համար բաց սաբոտաժը եւ ահաբեկչությունը երեւում են թեկուզ այն փաստից, որ «Սանիթեք» ընկերությունն ավելի քան մեկ տարի միտումնավոր չի կատարել քաղաքն աղբից մաքրելու իր պարտականությունները եւ, փաստորեն, սաբոտաժի է ենթարկում քաղաքապետարանի աշխատանքները, քանի որ ֆինանսավորման պայմանները դարձել են բաց, եւ աշխատանքի վարձատրության կոռուպցիոն սխեման խախտվել է, որի միջոցով միլիարդավոր դրամներ էին հոսում քաղաքապետարանի եւ «Սանիթեք»-ի ղեկավարությունների գրպանը: Այս թվերը հրապարակված են, եւ դրանք մեջբերելու իմաստ չկա: Այժմ չկամեցողների այդ բանակը լայնորեն իշխանություններին ուղղված մեղադրանքներ է օգտագործում մարդու իրավունքների ոտնահարման, դատավորների վրա ճնշումների գործադրման, շրջակա միջավայրի աղտոտման համար եւ այլն: Սակայն նրանք «մոռանում են», որ իրենց կառավարման օրոք անխտիր բոլոր դատավորները կառավարվում էին մեկ հասցեից, իրավապահ մարմինները` դատախազությունը, Ներքին գործերի նախարարությունը, Արդարադատության նախարարությունը` բոլորն իրականացնում էին իշխանության օլիգարխիկ վերնախավի կամքը: Բոլորը պետք է փող դնեին Սերժ Սարգսյանի գրպանը: Չգիտես ինչու` նույն այդ մարդիկ այն ժամանակ չէին խոսում արատավոր երեըույթների մասին, իսկ արդարության ամենաակտիվ մարտիկներին բանտն էր սպասում: Միլիոնավոր դոլարները, որ կոռուպցիայի, մարդու իրավունքների ոտնահարման դեմ պայքարի, արդար ընտրությունների անցկացման եւ եվրոպական չափանիշներին համապատասխան օրենքների ընդունման համար միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվում էին Հայաստանին, սահուն կերպով հոսում էին իշխանությունը յուրացրած օլիգարխների գրպանը: Այստեղ են ասել` «Ուրիշի աչքի փուշը տեսնում են, իրենց աչքի գերանը չեն տեսնում»:

Ցավոք, ոչ բոլորն են հասկանում, թե որքան դժվար է տնտեսությունը փոխադրել բնականոն առաջընթացի հուն, վերակենդանացնել արդյունաբերությունը, ուրվագծել երկրի զարգացման ռազմավարական ուղղությունները` դրան զուգահեռ ամրապնդելով բանակը, որտեղ եւս կառավարման կոռումպացված համակարգ էր հաստատված եւ, միաժամանակ, ստիպել, որ միջազգային մակարդակով քեզ վերաբերվեն հարգանքով ու առանց զգուշավորության: Դժվար է, քանի որ երկրի ղեկավարման միջին եւ ստորին օղակներում շատ են նախորդ կառավարությունից մնացածները, որոնց գիտակցության մեջ ամրացած` կառավարման կոռումպացված մեթոդները գործնականորեն անհնար է արմատախիլ անել:

Հատուկ դեր է այստեղ տրվում կառուցողական ընդդիմությանը, որի նպատակը նույնն է, ինչ իշխանություններինը՝ բարգավաճման հասցնել երկիրը: Նման քննադատությունը միշտ օգտակար է, եւ այն հնչում է ամենուր: Շատ ավելի վատ է դրա բացակայությունը: Վարչապետը, կառավարությունը եւ Ազգային ժողովը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն պետականաշինության ոլորտում կառուցողական ընդդիմադիր ուժերի առաջարկություններին եւ առանց թերահավատության որեւէ նշույլի, ուշադիր քննարկեն ու անհրաժեշտության դեպքում դրանք կյանքի կոչեն: Ընդ որում` իմաստ ունի որոշ ղեկավար պաշտոններում հրավիրել ընդդիմադիր քաղաքական գործիչների ու մասնագետների, որոնք նախորդ իշխանությունների ժամանակ չեն արատավորել իրենց անունը: Սակայն, երբ երկրում կան նաեւ այնպիսիք, ովքեր հանուն անձնական շահադիտական ու փառասիրական նկրտումների, պատրաստ են 30 արծաթով վաճառել հայրենիքը, ովքեր առաջնորդվում են «որքան վատ` այնքան լավ» սկզբունքով, պետք է ժամանակին բացահայտել նրանց եւ պատժել օրենքի ողջ խստությամբ: Դրա մանդատը տվել է հայ ժողովուրդը:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: