Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Ճշմարտության պահը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

«Անկեղծության պահը» կամ, եթե այլ կերպ թարգմանենք, «Ճշմարտության պահը», տարածված արտահայտություն է։ Այն առաջացել է Իսպանիայում՝ ցլամարտի ժամանակ։ Ճշմարտության պահը՝ «El momento de la verdad»-ն, այն պահն է, երբ արդեն ակնհայտ է դառնում, թե ով է հաղթելու՝ ցո՞ւլը, թե՞ մատադորը՝ ցլամարտիկը։ Հետագայում այդ արտահայտությունը տարածվել է Հեմինգուեյի «Մահ կեսօրից հետո» վեպի հրապարակումից հետո։

Արտահայտությունը տարբեր լեզուներով թարգմանվելիս՝ իմաստին մոտ տարբեր երանգներ է ստանում: Օրինակ, անգլերենում այն կարող է նաեւ թարգմանվել որպես Լռության պահ՝ «The Moment of Silence», երբ ճշմարտությունն արդեն ակնհայտ է դառնում, եւ վիճելն ու քննարկելն անիմաստ են։ Անգլիացիներն այդ ժամանակ լռում են ու խորհում։ Խորհելն իրենից ներկայացնում է ռեֆլեքսիա՝ հետխոհածություն: Սա այն պահն է, երբ ճշմարտությունը պարզ դառնալուց հետո պետք է փորձել հասկանալ մինչ այդ թույլ տրված սխալները, դրանց պատճառները, աշխարհաճանաչողության սեփական թերությունները եւ հետեւություններ անել։ Զարգացման գրավականը հենց հետեւություն անելն է, դրանով է մարդը տարբերվում կենդանական աշխարհից, արհեստական բանականությունը՝ կենդանի ինտելեկտից։

Պատերազմից հետո մեր հասարակությունը չկարողացավ լռել եւ «ռեֆլեքսիա» անել՝ ինչո՞ւ այսպես ստացվեց, ո՞րն էր սխալը, ինչո՞ւ ենք մենք սխալ ճանաչել աշխարհն ու ո՞րն էր այդ սխալը, որից պետք է բխեր «իսկ ի՞նչ անել» հարցադրումը։ Մենք մեղավոր ենք փնտրում անձերի մեջ, այսինքն՝ մենք մեղքն ու պատասխանատվությունը մեզնից հեռացնում ենք։ Այս դեպքում չկա «ռեֆլեքսիա», չկան հիմնարար հարցադրումներ եւ չկան մտածողության ու աշխարհաճանաչողության փոփոխություններ։

Մենք չկարողացանք հասկանալ, որ չկա Արցախի խնդիր, այլ կա միասնական Հայաստանի խնդիր: Որ Արցախն ու Սյունիքը մի մեծ հարց է ու մեկ ամբողջական լուծում կարող է ունենալ: Մենք չհասկացանք, որ այս աշխարհում միշտ չէ, որ ուժն է ծնում իրավունք: Որ երբեմն ճիշտ հակառակն է լինում՝ իրավունքն է ծնում ուժը, եւ մեր մեծագույն սխալը Արցախի անկախությունը չճանաչելն է, ինչում բոլորը՝ մասնավորապես դրսի խոշոր խաղացողները, մեզ երեսով են տալիս։

Մենք չհասկացանք, որ աշխարհաքաղաքական խաղատախտակի առջեւ ամեն մի երկիր ունի իր գործառույթը, որից հրաժարվելու դեպքում՝ պատժվում է։ Մենք չգիտակցեցինք, որ մեծ տերությունների խաղերում չպետք է փորձել խաղալ որպես հավասար միավոր: Որ պետք է միշտ հստակ հասկանալ, ձեւակերպել սեփական շահը եւ այն հետապնդել։

Մենք դա չէինք հասկացել ու հիմա նույնպես չենք հասկանում, որովհետեւ չենք զգում, որ հիմա Ճշմարտության պահն է՝ «El momento de la verdad»-ը, եւ պետք է լռել ու խորհել: Ընդ որում՝ արտաբերած ամեն մի բառ պետք է լինի խիստ ծանրակշիռ ու խորը կշռադատված։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: