Ընդունված է համարել, որ հետպատերազմական կամ վերականգնողական շրջանը ոչ միայն պատերազմի տրամաբանական շարունակությունն է, այլեւ նրա եզրափակիչ փուլը: Պատերազմի հետեւանքների վերացումը եւ տնտեսական-քաղաքացիական ու ռազմարդյունաբերական ոլորտների վերականգնումը երբեմն կարող են տեւել երկար տարիներ: Հայրենական մեծ պատերազմի հետ համեմատությունը, թերեւս, այնքան էլ տեղին չլինի, բայց, այնուամենայնիվ, արժե հիշեցնել, որ Երկրորդ աշխարհամարտին հաջորդած ժամանակահատվածը, որը պատմության մեջ հայտնի է որպես խաղաղ զարգացման եւ վերականգնման շրջան, տեւել է երկուսուկես-երեք տասնամյակ: Եվ սա այն դեպքում, երբ խորհրդային ժողովուրդը՝ ձեռքերը քշտած, լծվել էր աշխատանքի:
Նույնկերպ ստեղծարար, տքնաջան աշխատանք է այսօր պահանջվում Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, եթե, իհարկե, Արցախի նկատմամբ վսեմ հանձնառությունը մեր իշխանություններն իրենցից չեն թոթափել՝ որպես «ծանր բեռ»: Իսկ պատերազմը հայկական զույգ պետությունների համար հատկանշվեց ինչպես թվաքանակը խնամքով գաղտնի պահվող տասնյակ հազարավոր զոհերով, անհետ կորածներով, վիրավորներով ու գերիներով, այնպես էլ մեծաթիվ ռազմական տեխնիկայի ջախջախմամբ, Արցախում բազում շենք-շինությունների ու ենթակառուցվածքների ավերածություններով: Նոյեմբերի 10-ի հրադադարից հետո Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է պատերազմի հաջորդ «ռաունդին», որի թիրախում Սյունիքն է՝ թուրք-ադրբեջանական տանդեմի վաղեմի երազանքը:
Դավադրաբար հաղթանակի հասած Ալիեւի ախորժակը, կարծես թե, բացվել է: «Մեկ ազգ, երկու պետություն» բանաձեւի շրջանակում Թուրքիայի հետ երկրորդ համատեղ զորավարժանքին զուգահեռ, նա պատրաստվում է մյուս «ավագ եղբոր»՝ Պակիստանի հետ եւս զորավարժությունների անցկացմանը, ինչպես նաեւ նոր հարձակողական զինատեսակների ձեռքբերման ու Արցախի գրավյալ տարածքում՝ Հադրութի շրջանում, միջազգային օդանավակայանի կառուցման ծրագրերի իրականացմանը: Ով չգիտի, որ օդանավակայանի անվան տակ կարող է կառուցվել ռազմահենակետ կամ, օրինակ, վարձկան ահաբեկիչների «բուծարան»: Ամեն դեպքում Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ գոտիներում՝ մասնավորապես Սյունիքում, իսկ վերջին օրերին՝ նաեւ Տավուշում ծավալվող գործընթացներն ավելի շուտ պատերազմի պատրաստության իրավիճակ են հիշեցնում, քան հետպատերազմական վերականգնողական փուլ:
Ադրբեջանցի զինծառայողներն ու պաշտոնյաները մեր սահմաններից ներս անարգել ելումուտ են անում: Սյունիքի մարզի Որոտան համայնքում նրանք խրամատներ են փորում, Տավուշում չափագրման աշխատանքներ են կատարում, ըստ որոշ լուրերի, սահմանին ռազմատեխնիկա են կուտակում եւ այլն։ Թշնամի երկիրը նույնիսկ կրած հաղթանակից հետո չի նվազեցնում ազգամիջյան ատելության քարոզը, ռազմաշունչ, հակահայ հռետորաբանությունը, չի թաքցնում Հայաստանից նոր տարածքներ պոկելու նկրտումները: Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության 7-րդ համագումարում Իլհամ Ալիեւը ելույթի մոտավորապես 80 տոկոսը նվիրել է, իր խոսքով ասած, Զանգեզուրին: «Զանգեզուրի միջանցքը պատմական նվաճում է… Հիմա Հայաստանը փորձում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի գործարկմանը, բայց չեն հաջողելու: Մենք հասնելու ենք մեր բոլոր նպատակներին այնպես, ինչպես նրանց վռնդել ենք մեր հողերից»,- մատը թափ տալով՝ ամբիոնից հոխորտում էր Ալիեւը: Եվ ոչ միայն հոխորտում է, այլ նաեւ՝ գործում:
Իսկ ի՞նչ հակընդդեմ քայլեր են ձեռնարկում Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը, որոնց անկարության պատճառով Հայաստանը հայտնվել է կործանման եզրին: Բացառապես՝ ոչինչ: Փաշինյանը երկրի ողջ պաշարամիջոցներն ի սպաս է դրել իր անվտանգության եւ իշխանության պահպանման գործին, ուրիշ ոչինչ նա չի տեսնում ու չի լսում՝ այդ թվում թշնամու կողմից մեր սահմանների վտանգավոր վերաձեւումները եւ Իլհամ Ալիեւի հոխորտանքները: Իշխանությունը պահելու համար նա պատրաստ է մինչեւանգամ կրակ բացել ժողովրդի վրա, ինչի վկայությունը մարտի 3-ին Հայրենիքի փրկության շարժման խաղաղ ցույցի ժամանակ խորհրդարանի շենքում դիպուկահարների ներկայությունն էր, ԱԺ բակում տեղադրված լուսաձայնային նռնակները եւ զինված ոստիկանական խմբավորումերը: Փաշինյանը չի ընդունվում ո՛չ դրսում, ո՛չ ներսում: Նրան արդեն սկսել են նույնիսկ չենթարկվել: Առաջին օրինակը ցույց տվեց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը, եւ սա բավական մտահոգիչ ազդանշան է:
Ներքաղաքական ճգնաժամը գնալով խորանում է: Փաշինյանի հեռացումը պահանջում են ՀՀ բոլոր 4 նախագահները, ԱԺ երեք խմբակցություններից 2-ը, եկեղեցին՝ իր երկու հոգեւոր հայրերով, արտախորհրդարանական քաղաքական ուժերի մեծամասնությունը, Գիտությունների ազգային ակադեմիան, մի շարք բուհեր, Սփյուռքի եւ հայաստանյան բազմաթիվ կազմակերպություններ, հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ, որոնց վերջերս միացել էին Զինված ուժերի Գլխավոր շտաբը եւ 5 բանակային կորպուսները: Փաշինյանը համառում է: Տպավորություն է, թե հրաժարականն իր համար կենացմահու խնդիր է, բայց պաշտոնում մնալն էլ հավասարազոր է Հայաստանի՝ որպես պետության, ոչնչացման: Ամեն դեպքում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը այլ ելք չունի, քան հեռանալ: Եվ նա կհեռանա, որովհետեւ չհեռանալու գինը Հայրենիքի կորուստն է: