Հայաստանն արդեն մի քանի տարի է, ինչ խորհրդարանական կառավարման երկիր է, ու այս տարիների ընթացքում տապալվել է այն ամենը, ինչը հնարավոր էր՝ ազգային անվտանգությունը, արտաքին քաղաքականությունը, տնտեսությունը, մշակույթը, գիտակրթական, առողջապահական եւ մյուս ոլորտները: Երկրում ձեւավորվել է անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ: Թե որքանով է դա պայմանավորված գործող վարչապետի անձով ու նրա «ուսապարկերով», իսկ որքանով՝ կառավարման մոդելով, միարժեքորեն դժվար է ասել, սակայն փաստ է, որ հակակշռող լծակները վատ են աշխատում, եւ մեկ անձ կարողանում է ցանկացած որոշում կայացնել:
Հայտնի է, որ խորհրդարանական կառավարման մոդելում առաջին պլան են մղվում կուսակցությունները, եւ սուպերվարչապետության պայմաններում իշխանությունը, այս կամ այն արդյունքի դեպքում, անցնում է այդ կուսակցությանն ու այդ սուպերվարչապետին: Եվ այստեղ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ կուսակցություններ մենք ունենք: Արդյոք դրանք ինստիտուցիոնալ առումով կայացա՞ծ են, ունե՞ն հանրային վստահություն, թե՝ ոչ: Հարցերն առավել քան կարեւոր են, քանի որ կուսակցություններին է վստահվում պետական կառավարման համակարգը, սակայն «Կուսակցությունների մասին» օրենքով դրանց ներկայացվող խստիվ պահանջներ չեն սահմանված:
Եթե կուսակցություններն ավտորիտար կառույցներ են՝ մեկ կամ մի քանի անձից կախված, ապա, բնականաբար, գալով իշխանության, մենք պետությունը հանձնում ենք այդ անձանց ու կառույցներին, առանց նրանց նկատմամբ վերահսկողության մեխանիզմների պարտադրման: Մինչդեռ վերահսկողության առաջին ատյանը հենց կուսակցությունների անդամները պետք է լինեն: Կարեւոր են նաեւ ընտրական ցուցակների կազմման մեխանիզմները: Գաղտնիք չէ, որ մեզանում կա առնվազն մեկ կուսակցություն, որի պատգամավորներն առանց ամսաթվի հրաժարականների դիմումներ են ներկայացնում կուսակցության ղեկավարին, այսինքն՝ դե յուրե նրանց ընտրում է ժողովուրդը, իսկ նրանք ծառայում են այդ մեկ անձին եւ վերահսկվում նրա կողմից:
Այս առումով ուսանելի է ժողովրդավարական երկրների փորձը, որտեղ կուսակցական ցուցակները կազմվում են համագումարների ժամանակ՝ վարկանիշային եղանակով, եւ բնականաբար՝ դրա համար պարտական են իրենց ընտրողներին, այլ ոչ թե կուսակցության ղեկավարին, ով միանձնյա կազմել է ընտրացուցակը:
Միաժամանակ կարեւոր են ինչպես կուսակցական ղեկավար կազմի պարտադիր ռոտացիան, որպեսզի նույն անձինք երկար ժամանակ չլինեն ղեկավար կազմում, այնպես էլ պատգամավորության թեկնածուների բարոյական որակներն ու կրթական ցենզը, ինչը որոշ երկրներում կարգավորվում է օրենքով:
Մի խոսքով՝ այս մասին կարելի է երկար խոսել: Հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են սպասվում, եւ մենք նորից տեսնում ենք գրեթե երեք տասնյակի հասնող ավտորիտար կուսակցություններ ու անհասկանալի չափորոշիչներով ձեւավորված քաղաքական ուժեր: Եվ դա հատկապես ցայտուն կերպով նկատելի է իրեն ժողովրդավար ու հակաօլիգարխիկ կառույց հայտարարած իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարագայում։ Այդպես եղել է նախորդ՝ հետանկախական ողջ շրջանում եւ այդ ժամանակներից ի վեր ոչինչ չի փոխվել: Ամեն ինչ վերադառնում է ի շրջանս յո՞ւր: