Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Ինչի՞ մասին է խոսում եւ ինչի մասին՝ լռում Փաշինյանը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Երկար դադարից հետո Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին հերթական առցանց ասուլիսը տվեց եւ հերթական անգամ հիասթափեցրեց հանրությանը: Համենայն դեպս՝ նրա մտածող մեծամասնությանը: Եվ այսպես՝ ինչի՞ մասին է խոսում եւ ինչի մասին է լռում Փաշինյանն իր «հպարտ մենության» մեջ:

Ինչպես նախորդ բոլոր «մենախոսությունների» ժամանակ, այս անգամ եւս, նա պատասխանեց իր իսկ ընտրած հարցերին, փորձեց նորովի վերարծարծել արցախյան թեման, երկար-բարակ խոսեց անցած 30 տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հայկական կողմի թույլ տված, իր կարծիքով, լրջագույն բացթողումների մասին, որոնց պատճառով էլ, իբր, Արցախի կարգավորման բանակցային գործընթացը մտել էր փակուղի եւ, այդպիսով, իրեն «վատ ժառանգություն» էր բաժին հասել:

Պետք է նկատել, որ արցախյան թեման Փաշինյանի վերջին շրջանի հռետորաբանության մեջ ուրույն տեղ ունի: Ի դեպ, ուրույն է նաեւ մատուցման եղանակը. այդ թեմայով նրա ցանկացած հրապարակային խոսք՝ լինի ելույթ, հարցազրույց կամ առցանց ասուլիսային «մենախոսություն», հոռետեսական ուղերձներ ու հանձնվողական տրամադրություններ է փոխանցում հասարակությանը, քանի որ նյութի բովանդակությունն ամեն անգամ Արցախից եւ ՀՀ-ից թշնամուն զիջվող տարածքների, շահեկան դիրքերի, ռազմավարական ճանապարհների մասին է, որոնք երբեմն ուղեկցվում են սահմանին հայ զինծառայողների մահերով, նոր պատերազմի սպառնալիքով եւ ԼՂՀ-ի ամբողջական բռնազավթմամբ:

Ուշագրավ է գործադիրի ղեկավարի խոսքին բնորոշ առանցքային թեզը, թե պատերազմից, նյութական արժեքներից ու մարդկային ավելի մեծ կորուստներից խուսափելու համար մենք պետք է զիջենք: Մի դեպքում՝ ռազմավարական քարտեզ, մեկ այլ դեպքում՝ կարեւոր բարձունք, երրորդ դեպքում՝ թանկարժեք մետաղի հանքավայր կամ բնական ռեսուրսների, օրինակ՝ ջրերի ակունք եւ այլն: Չզիջելու այլընտրանքը, ըստ այդ թեզի, նոր պատերազմն է՝ իր աղետալի հետեւանքներով: Սա ոչ միայն շանտաժ է, այլեւ անցյալի դատապարտելի թեզերից մեկի («Արցախը հանձնենք, որ լավ ապրենք») վերակենդանացման փորձ: Եվ տպավորություն է, թե այս հարցում ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարները գործում են ընդգծվածորեն ներդաշնակ:

Իսկ ինչի՞ մասին է լռում Փաշինյանը: Չորս տարվա փորձը վկայում է, որ նա չի սիրում իրեն հակադարձողներին, հետեւաբար՝ նրանց ուղիղ հարցերին ուղիղ պատասխանելու փոխարեն միշտ աղմկոտ լեզվակռիվներ է սարքում, դիմում տարբեր ձեռնածվությունների եւ, ինչպես ասում են, խոսքը կտուրը գցում: Բազմաթիվ են օրինակները, թե ինչպես է ՔՊ առաջնորդն իրեն ուղղված շատ կոնկրետ հարցը շեղում եւ այն վերահասցեագրում հենց հարցապնդողին կամ նրա անմիջական վերադասին:

Փաշինյանը լռում է  այն ամենի մասին, ինչը խոստացել է իր ընտրողներին, սակայն չի կատարել: Նա լռում է ներկայումս մեզանում տիրող քաոսային իրավիճակի մասին եւ խորհուրդ է տալիս հավատալ լուսապայծառ ապագային, երբ երկրի բնակչության թիվը կհատի 4 միլիոնի սահմանագիծը, իսկ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կդառնա Եվրոպայի ու աշխարհի առաջնության գավաթակիր: Իր ասուլիսներում նա վաղուց դադարեցրել է ավանդական «100 փաստի» հրապարակումը, որովհետեւ համակարգային ճգնաժամ ապրող պետության առաջընթացն ու ժողովրդի բարօրությունը բնորոշող որեւէ հիշարժան փաստ դժվար է հայթայթել:

Նա «համեստորեն» լռում է, երբ խոսք է բացվում նախորդ տարվա մայիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի մի քանի հատվածներում ՀՀ ինքնիշխան տարածքներ ներխուժած, այնտեղ ամրացած եւ ցայսօր այնտեղից դուրս չեկող ադրբեջանական զորամիավորումների մասին: Լռում է, առհասարակ, Զինված ուժերին առնչվող որեւէ հարցի, այնտեղ իրականացվող որեւէ բարեփոխման մասին, քանզի բարեփոխում ուղղակի չկա: Լռում է, երբ Ադրբեջանի նախագահը սպառնում է գրավել Սյունիքը, Գեղարունիքը, անգամ՝ «Իրեւանը», որոնք, նրա պնդմամբ, պատմական ադրբեջանական հողեր են:

Ահա թե ինչու հունիսի 27-ի առցանց ասուլիսը բոյկոտեցին ՀՀ շուրջ 60 առանցքային ԶԼՄ-ներ եւ ոչ մի հարց չուղղեցին օրվա բանախոսին: Նա «ծանր» հարցերին, ըստ էության, չի պատասխանում: Հարց ուղղեին, որ ի՞նչ անի…

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: