Հուլիսի 12-ի կեսօրին Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ձեռնարկեց նոր արկածախնդրական, սադրիչ քայլ` փաստացի հարձակում գործելով Հայաստանի Հանրապետության դեմ` հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Թաուզ հատվածում:
Խոր մտահոգությամբ պետք է արձանագրել, որ Իլհամ Ալիեւի վարչակազմի սանձազերծած երկօրյա ագրեսիան դառնում է ՀՀ խաղաղ, քաղաքացիական բնակչության կյանքի ու կենսագործունեության ուղղակի սպառնալիք, որովհետեւ հրետանային միջոցներով, ԱԹՍ-ով եւ այլ զինտեխնիկայով թիրախավորվում ու հրետակոծվում են ոչ միայն սահմանամերձ Մովսես, Չինարի, Այգեպար գյուղերը, այլեւ Տավուշի մարզկենտրոն Բերդ քաղաքը, որը նույնպես գտնվում է հակառակորդի ուղիղ նշանառության տակ:
Մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը, որն առաջացել է Ադրբեջանի ԶՈՒ նախահարձակ գործողությունների հետեւանքով, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը մտահոգիչ է համարել, որ հակամարտությունը կարող է վերածվել խոշոր բախումների: «Բանն այն չէ, թե ով է առաջինը սկսել, ով` պատասխանել: Դրանք բոլորը նշանակություն չունեցող դետալներ են»,- հայտարարել է ադրբեջանցի դիվանագետը` անուղղակիորեն ընդունելով, որ տեղի ունեցողը Բաքվի ձեռքի գործն է:
Այս օրերին մեր երկրի հասարակական-քաղաքական կազմակերպությունները, երիտասարդական միությունները, ողջ հայ ժողովուրդը լիակատար զինակցություն եւ աջակցություն են հայտնում Հայաստանի ռազմաքաղաքական, ղեկավարությանը, ՀՀ փառապանծ Զինված ուժերին` պետության ազգային անվտանգությունը եւ խաղաղ բնակչության կյանքի իրավունքը պաշտպանելու բոլոր քայլերում:
Հայաստանից ու Արցախից պարբերաբար կտոր-կտոր տարածք բռնազավթելու, խաղաղ բնակչությանը հրետակոծելու` Ադրբեջանի որդեգրած մարտավարությունն արժանանալու է հստակ ու ջախջախիչ պատասխանի: Հայաստանի Հանրապետությունը, նրա հաղթական բանակը երաշխավորն են մեր սահմանների ու տարածքային ամբողջականության եւ, ամենակարեւորը, մեր բնակչության անվտանգ կենսագործունեության:
Միջազգային բոլոր շահագրգիռ ատյանները` մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունները, ՄԱԿ-ը, ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն, ելնելով Ադրբեջանի` նախահարձակ լինելու, հարեւան պետության տարածք ներխուժելու եւ խաղաղ բնակչությանը թիրախավորելու աներկբա հիմքերից, հանձնառու են անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել` դատապարտելու եւ կասեցնելու համար ռազմական գործողությունների ընդարձակման սպառնալիքները:
Անհերքելի է, որ պետական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրվող սադրանքների հետ կապված նախորդ համահարթեցնող հայտարարություններն ու դիմումները մինչ այժմ անարդյունավետ են եղել եւ ի զորու չէին սանձելու ժամանակ առ ժամանակ այդ երկրի դրսեւորած ոտնձգությունները: Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատումն ու պահպանումը այլընտրանք չունեն: Ժամանակն է կողմնորոշվել: