Մենք 2018-ի իշխանափոխության քաղաքական գնահատականը դեռ չենք տվել: Ոմանց կարծիքով՝ եղել է դավադրություն, եւ գործող իշխանությունը ցանկանում էր, որ, այսպես կոչված, «Լավրովի պլանը» կյանքի կոչվի Փաշինյանի ձեռքով, ով տարիներ ի վեր խոսում էր Ադրբեջանի հետ փոխզիջման գնալու մասին: Ըստ մեկ այլ վարկածի, Փաշինյանի ետեւում Կրեմլն էր՝ նույն պլանն իրականացնելու շահագրգռությամբ: Դիտարկողների մյուս շերտն էլ տեղի ունեցածը Արեւմուտքի կողմից կազմակերպված «գունավոր» հեղափոխություն էր համարում, ինչի արդյունքում, վերջինիս համոզմամբ, կհայաթափվի Արցախը, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի լքել տարածաշրջանը, եւ հարավկովկասյան տարածաշրջանում նոր ճակատ կբացվի ընդդեմ Ռուսաստանի ու Իրանի:
Չցանկանալով խորանալ այս հնարավոր տարբերակների քննարկման մեջ, փորձենք 2018-ի դեպքերին մոտենալ մի փոքր այլ դիտանկյունից՝ ինչո՞ւ հանրության գերակշիռ մասը մասնակցեց այդ ցույցերին, իսկ մի քանի ամիս անց ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրեց փողոցից եկած հիմնականում անհայտ մարդկանց եւ, որ ամենազարմանալի է, նույնը կրկնվեց խայտառակաբար տանուլ տրված 44-օրյա պատերազմից հետո, ինչն արդեն ոչ մի տրամաբանության մեջ չես տեղավորի: Ինչպե՞ս դա հասկանալ:
2018-ի իշխանափոխությունը Հայաստանի քաղաքական համակարգի փլուզման վերջին արարն էր։ Կուսակցությունները վերածվել էին իշխանության ռեսուրսների տնօրինման գործիքի, մի տեսակ աշխատանքի տեղավորման բյուրոյի, տնտեսական գործունեության ծավալման հնարավորության՝ առանց հասարակությանը ներկայացնելու ապագայի նախագծեր, առանց համախմբելու դրա համար անհրաժեշտ` ազգի մտավոր ներուժը: Իսկ կուսակցականի թիվ մեկ արժանիքը ցանկացած գնով «ձայն բերելու» հմտությունն էր։
Հիմնականում ցանկացած ձեւով «ձայն բերող» էր դարձել Հայաստանի քաղաքական ու պետական ընտրանու գերակշռող հատվածը՝ համապատասխան ունակություններով, որակներով ու բարոյական կերպարով: Այսպիսով՝ կուսակցությունները չկարողացան դառնալ հանրային սոցիալ-քաղաքական ինստիտուտներ, որոնց աշխատանքներին մասնակցում են այն զանգվածները, որտեղ կան սոցիալական վերելակներ ու որոշումների կայացման պարզ ու թափանցիկ ընթացակարգեր:
Արդյունքում 2018-ին մարդիկ որոնում էին ոչ կուսակցական ձեւաչափեր: Դրան զուգահեռ հասարակության մեջ արմատացել էր ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու եւ երկրում փոփոխություններ կատարելու անհնարինության համոզմունքը: Այս իրողությամբ կարելի է բացատրել հանրության լայն զանգվածների՝ 4 տարի առաջվա ոգեւորության ֆենոմենը:
Այդ ամենի դառը պտուղները մենք այժմ քաղում ենք: Կուսակցությունների նկատմամբ հավատն այս ընթացքում չվերականգնվեց, «հեղափոխությամբ» ցանկալի արդյունքների հասնելու գաղափարը վարկաբեկվեց եւ ի չիք դարձավ վստահությունը «մարդու իրավունքները պաշտպանող» տարատեսակ հասարակական կազմակերպությունների հանդեպ, որոնք այսօր քողարկված կամ անթաքույց պաշտպանում են գործող կառավարությանը:
Հիմա իսկը ժամանակն է ստեղծելու նոր տրամաբանության վրա հիմնված հասարակական-քաղաքական միավորումներ: Ստվերում, կարծես թե, տարերայնորեն նման նախաձեռնություններ կազմակերպվում են։ Սա պայթյունից առաջ առերեւույթ խաղաղ, բայց մեծ ներուժի կուտակման փուլ է, ինչպես նաեւ իրական, այլ ոչ թե պատվերով, քաղաքացիական հասարակության կառուցման սկիզբ։
Սակայն հանրային վստահություն ձեռք բերելու համար այդ նախաձեռնությունները պետք է բովանդակային առումով տարբերվեն նախկին շարժումներից ու քաղաքացիական հասարակություններից՝ քաղաքական դաշտ բերելով նոր հարաբերությունների կանոններ, նոր մտածողություն եւ կազմակերպչական նոր կառուցաձեւեր: Ահա թե որտեղ են հանրային վստահություն բանալիները: