Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

Խմբագրական

Ժամանակաշրջանի քաղաքական իմաստավորումը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ցանկացած ժամանակաշրջան կարիք ունի քաղաքական իմաստավորման, որի հիման վրա կառուցվում է նոր քաղաքականությունը, եւ դա մշտական գործընթաց է։ Քաղաքական գործիչների կոչումն է` քայլել ժամանակին համընթաց, վերաիմաստավորել անցյալն ու կառուցել ապագայի նախագծեր։ Նման նախագծերի միջեւ մրցակցությունն է քաղաքական կյանքի իմաստը։

2018-ի, ոմանց կարծիքով` հեղափոխությունից, իսկ մյուսների կարծիքով՝ իշխանափոխությունից հետո տեղի ունեցածը, կարծես թե, չի իմաստավորվել։ Տրվել են պարզ ձեւակերպումներ՝ «նախկինների մերժում», «հպարտ քաղաքացիների ընդվզում», «պայքար թալանչիների դեմ» եւ այլ վերացական, բայց գործառնական իմաստներից զուրկ գնահատականներ, սակայն քաղաքական գնահատական «նախկիններին» եւ, անգամ, 2018-ին տեղի ունեցած իրադարձություններին, չի տրվել։ Առանց իմաստավորման` անցում նոր քաղաքական օրակարգի, չի ստացվի, դա է հուշում հայաստանյան քաղաքական կյանքի տխուր պատկերը, որտեղ գերակշռողը հիմնականում փոխադարձ մեղադրանքներն ու հայհոյանքներն են։

Օրակարգերի ձեւավորման խնդիրը կամ դրանց բացակայությունը, կամ էլ եղած  օրակարգերի մակարդակն ու նշաձողը հայաստանյան քաղաքական իրականության համատեքստում միշտ էլ խնդրահարույց են եղել։ Սա նոր երեւույթ չէ, եւ այս առումով բացառություն չեն նաեւ ներկայիս ժամանակները։

Գործող կառավարությունը չունի պետության զարգացման օրակարգ։ Արտախորհրդարանական ուժերը եւս օրակարգի հետ կապված խնդիրներ ունեն եւ չեն կարողանում ձեւակերպել այն, հանրությունը նմանապես անորոշության մեջ է։

Ինչո՞ւ է իշխանափոխությունից մեկուկես տարի անց գործող իշխանությունն իր վարկանիշը կառուցում շարունակական «մերժումների» միջոցով, իսկ  քաղաքական ընդդիմությունը այդ «մերժմանը» չի կարողանում հակադարձել նոր օրակարգով։ Սա  կարեւորագույն հարց է, որին պետք է պատասխան գտնենք, սակայն մինչ այդ, կատարենք մի քանի հարցադրումներ.

  • ինչո՞ւ 2018-ին հանրության մեծամասնությունը մասնակցեց հակակառավարական ցույցերին.
  • ինչո՞ւ նախկին իշխանությունը չէր վայելում հանրության վստահությունը.
  • ինչո՞ւ նոր իշխանությունը թիրախավորում է ոչ թե երեւույթները, այլ անձանց.
  • ինչո՞ւ այսօրվա հասարակությունը պառակտված է եւ ի՞նչը կարող է նրանց միավորել նոր ապագա կառուցելու համար.
  • ինչո՞ւ ներկայիս իշխանությունը խուսափում է նախկիններին տալ քաղաքական գնահատական։

Մենք չենք պատրաստվում այս հարցերի պատասխանները ներկայացնել։ Դրանք կարող են լինել տարբեր եւ պետք է լինեն քաղաքական պայքարի կիզակետում, իսկ յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ հոսանք, որը հայտ է ներկայացնում, պետք է հանրությանը փոխանցի այդ հարցերի իր ուրույն պատասխանները եւ իր աշխարհընկալման ու քաղաքական փիլիսոփայության վրա կառուցի ապագայի նախագիծն ու քաղաքական օրակարգը։

Բարձրացված խնդիրը վերաբերում է մեր անցած ուղու իմաստավորման անհրաժեշտությանը, առանց որի մենք կշարունակենք թաղվել փոխադարձ ատելության, փոխադարձ մեղադրանքների ճահճում, կատենք անձերին, բայց այդպես էլ չենք գտնի մեզ հուզող խնդիրների լուծումները։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am