Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Ալիեւը՝ երկու քարի արանքում…

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Այն, ինչ հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցավ 2018-ից հետո՝ ներառյալ 44-օրյա պատերազմը, հիմնականում պայմանավորված էր հաղորդակցությունների խնդրով։ Մի շարք հանգամանքների բերումով (պատժամիջոցների շրջանցում, գազամուղ եւ այլն) Ռուսաստանը կարիք ուներ սերտացնելու հարաբերությունները Թուրքիայի հետ, ինչպես նաեւ Ադրբեջանով դուրս գալու Իրան ու Պարսից ծոց։

Բայց դա գին ուներ, եւ այդ գինը Արցախն էր։ Լուծումը մեզ համար, իհարկե, կարող էր պակաս ցավոտ լիներ, եթե նախորդ իշխանությունն այնքան վեհերոտ չլիներ, իսկ ներկաներն՝ այսքան ապազգային։ Նախորդը հնարավորություն ուներ շատ ավելի նպաստավոր լուծման տանել խնդիրը՝ հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները, սակայն զգուշացավ հանրային ցասումից եւ չհամարձակվեց գնալ զիջումների, չէ՞ որ իր օրինակարգության միակ կռվանը արցախյան հաղթանակն էր:

Այժմ գանք ներկայում առկա իրավիճակին։ Արցախի դիմաց Ադրբեջանի վճարելիքը, ինչպես վերը նշվեց, Ռուսաստան-Իրան երկաթգիծն է, որը Մոսկվայի եւ Թեհրանի համար կենսական նշանակություն ունի, բայց դրան դեմ է Միացյալ Նահանգները։ Վաշինգտոնի համար կարեւոր է, որ հիմնական բեռնափոխադրումներն իրականացվեն ծովով, այսինքն՝ իր վերահսկողության ծիրում, քանի որ ցամաքային հաղորդակցությունները թուլացնում են տնտեսական, ֆինանսական եւ աշխարհաքաղաքական իր գերիշխանությունը։

Սակայն ծովով բեռնափոխադրումների համար լուրջ խոչընդոտներ կան՝ Սուեզի ջրանցքի հատվածում բեռնափոխադրումները հայտնվում են Եմենի հուսիթ ապստամբների նշանառության տակ, իսկ Պարսից ծոցի հատվածում՝ Իրանի: Այս առումով Իրան-Ռուսաստան ցամաքային կապի նշանակալիությունը մեծանում է՝ ստվերելով ծովային ուղիներին եւ, միաժամանակ, փոխելով աշխարհաքաղաքական դասավորվածությունը։

Այսպիսով՝ ստացվում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Արեւմուտքը՝ Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու դիտավորությամբ սատարելով Ադրբեջանին (պատերազմի թույլտվություն, զենք-զինամթերքի մատակարարում, դիվանագիտական տանիք, հետախուզական տվյալների փոխանցում, ահաբեկիչների տեղափոխում եւ այլն), իրականում մեծ հնարավորություններ է բացել հենց Ռուսաստանի ու Իրանի առջեւ։ Ի դեպ, Ռուսաստանը եւս իր «սցենարով»՝ ակամա, թե ինքնաբերաբար, պատերազմի հավանություն էր տվել Ադրբեջանին։

Եվ աշխարհաքաղաքական այս խառնիճաղանջ իրադրության հենքին Ալիեւն աքցանի մեջ է հայտնվել. ինչպես ասում են, երկու քարի արանքում՝ մի կողմից Ռուսաստանի ու Իրանի, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի ու Արեւմուտքի միջեւ: Այժմ նրան այլ բան չի մնում, քան ժամանակ շահել՝ մինչեւ «կզուլալեն ջրերը», քանզի բոլոր կողմերից պահանջում են կողմնորոշվել: Ընդ որում՝ ցանկացած կողմի հարվածը կարող է շատ ցավոտ լինել՝ «պարտապանի» սխալ քայլի դեպքում:

Ալիեւն ուղղակի պարտավորված է որոշում կայացնել՝ կառուցո՞ւմ է Ռուսաստան-Իրան երկաթգիծը՝ ըստ էության, դառնալով այդ երկրների ազդեցության պատանդը, թե՞ մտնում է Արեւմուտքի ազդեցության գոտի, որին պարտական է իր հայթայթած զենքերով, Բաքվում կատարված հսկայական արեւմտյան ներդրումներով, հետախուզական կառույցներով եւ այլն։ Ահաեւ՝ Ադրբեջանի սուլթանը ժամանակ շահելու փոքրիշատե արդարացուցիչ ձեւ է գտել՝ պատրաստվում է 2024-ի փետրվարի 7-ին նշանակված արտահերթ ընտրություններին:

Նա հուսով է, որ այդ ընթացքում կսառեցվի ռուս-ուկրաինական պատերազմը, եւ ԱՄՆ-Ռուսաստան ձեւաչափով որոշակի պայմանավորվածություններ տեղի կունենան, ինչը կհստակեցնի իրավիճակը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: