25.11.2024

Свободная Платформа

Քաղաքական այլընտրանքի բացակայությունը

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Երկար տարիներ Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական նպատակը եղել է իշխանափոխությունը: Դա երբեմն հասնում է կուրյոզի, երբ որեւէ քաղաքական ուժի ներկայացուցչից, որին կասկածում են իշխանության հետ «ստվերային» կապերի մեջ, լրագրողները համառորեն պահանջում են հրապարակավ հայտարարել, որ իրենց նպատակն իշխանափոխությունն է: Դա նրանց «թեսթավորման» կոդն է: Որպես կանոն, նման պահանջները բավարարվում են, սակայն «իշխանափոխությունն» այդպես էլ չի կայանում:

Հայաստանի հանրային միտքն այդպես էլ չի կարողանում ըմբռնել, որ իշխանությունը միշտ պատկանում է կազմակերպված փոքրամասնությանը, որն ունի հստակ շահեր եւ նպատակներ: Հայաստանում կա ընդամենը մեկ կազմակերպված փոքրամասնություն, եւ բնության օրենքներից ելնելով՝ կարելի է հետեւություն անել, որ չի կարող իշխանափոխություն տեղի ունենալ, որքան էլ դրա մասին բարձր բղավեն, որովհետեւ չի կարող մեկ բանին փոխարինել մեկ այլ բան, եթե այլընտրանք չկա՝ ուղղակի այդպիսին գոյություն չունի:

Լինել քաղաքական ընդդիմություն՝ նշանակում է լինել այլընտրանք գործող համակարգին: Ներկայիս խորհրդարանում կա երկու պաշտոնական ընդդիմություն` «Բարգավաճ Հայաստանը» եւ «Ելք»-ը: Երկուսն էլ կրավորական դիրք են բռնել բախտորոշ գործընթացների՝ Սահմանադրության փոփոխության եւ նոր Ընտրական օրենսգրքի նկատմամբ: «Կուսակցությունների մասին» նոր օրենքի նախագիծն էլ առհասարակ չեն «նկատել»:

Ի՞նչ է նշանակում «քաղաքական պայքար»: Դա նշանակում է պայքար, որը մղվում է կառավարման մեկ սոցիալական մոդելը կառավարման մեկ այլ սոցիալական մոդելով փոխարինելու համար: Եղած մոդելին այլընտրանքային մոդել մեզանում ոչ ոք դեռ չի առաջարկել: Այլընտրանքային մոդելը փիլիսոփայական, աշխարհայացքային եւ այլընտրանքային մեխանիզմների համադրություն է՝ առաջնային մի քանի օրենքների ու հարաբերությունների կանոնների փոփոխությունների տեսքով: Այսինքն՝ Հայաստանում «քաղաքական պայքար», ըստ վերը սահմանվածի, գոյություն չունի:

Եթե գործող հիմնական կուսակցությունների դիրքորոշումներն աղոտ են, ապա ինչի՞ շուրջը պետք է համախմբվի հանրությունը եւ հանուն ինչի՞ գնա զոհողությունների, որպեսզի իրականացնի այդ իշխանափոխությունը:

Սակայն Հայաստանում, որքան էլ դա տարօրինակ հնչի, կա «քաղաքական» կյանք, եւ բազմաթիվ լրատվամիջոցներ օրական հազարավոր նյութեր են տարածում, որոնց ճնշող մեծամասնությունն ունի քաղաքական բովանդակություն:

Ըստ էության, լրատվամիջոցները եւ քաղաքական միավորները զբաղված են ոչ թե իրական հարցադրումներ անելով, այլ նենգափոխելով իրականությունը եւ, կամա թե ակամա, մանիպուլյացիների ենթարկելով հանրային գիտակցությունը:

Որոնք են այդ հիմնական թեզերը.

ա/ Հայաստանում ընթանում է պայքար արեւմտամետների ու ռուսամետների միջեւ: Ի միջի այլոց, ըստ տարածված մի վարկածի, Սերժ Սարգսյանը ռուսամետ է, ըստ մեկ այլ ոչ պակաս տարածված վարկածի` արեւմտամետ: Այդ «հակադրությունների» միջոցով փորձ է արվում կառուցել Հայաստանի քաղաքական դաշտը եւ գծել այդ «պայքարի» բաժանարար գծերը:

բ/ Հայաստանում ընթանում է պայքար կոռուպցիայի դեմ, եւ այդ պայքարի արդյունավետությունը պայմանավորված է «միջազգային հանրության» արդյունավետ կամ անարդյունավետ ճնշումներով, եւ այս կամ այն օրենքի փոփոխությունից է կախված երկրի ապագան:

գ/ Ըստ ԱԺ ընդդիմադիր խմբակցության վակածի, Հայաստանի դժբախտությունների հիմնական պատճառը ժողովուրդն է, որը նույնպես կոռումպացված է, ունի գաղութացվածի հոգեբանություն եւ չի ցանկանում պայքարել իր ազատության համար:

դ/ Քաղաքականացված փողոցը նույնպես չի կարողանում իր այլընտրանքային գաղափարական պահանջները ձեւակերպել, բացի «դավաճանության» մեջ գործող իշխանությանը մեղադրելուց:

Թերեւս սա է այսօրվա Հայաստանի հիմնական քաղաքական դիսկուրսը: Բնականաբար, նման «բերքառատ» քաղաքական մտքի առկայության պարագայում քաղաքական այլընտրանքների մասին խոսելն անմաստ է:

 

Դանիել Փանունց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.