26.11.2024

Аналитика

Ո՞ւմ դեմ էր, ի վերջո, ուղղված «Իսկանդերի» 10 տոկոսը

Рейтинг: 3 / 5

Звезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Վերջերս «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արծարծել է Արցախում պատերազմի ընթացքում հայկական կողմից «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի (ՕՄՀՀ) օգտագործման խնդիրը:

«Ես համաձայն չեմ այն ​​պնդումների հետ, որ «Իսկանդերը» չի օգտագործվել: Այդ մասով անդրադարձ է եղել մամուլում, եւ ես հավաստի տեղեկություն ունեմ, որ «Իսկանդերն» օգտագործվել է, եւ օգտագործվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ՝ Շուշիի ուղղությամբ»,- նշել է Սարգսյանը: «Իսկանդերը», ըստ նրա, չի օգտագործվել թշնամու տարածքի ուղղությամբ՝ «մտավախություն ունենալով պատասխան հարված ստանալ այն տարածքին, որտեղից արձակվել է համազարկը»: «Իսկանդերը» պետք է օգտագործվեր արդեն պատերազմի 4-5-րդ օրը, երբ Ադրբեջանը հսկայական քանակի կենդանի ուժ եւ ռազմական տեխնիկա էր կենտրոնացրել Հորադիզում եւ այլ ուղղություններում»,- ասել է նա:

ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարգսյանին պատասխանել է «1in.am»՝ իր ուղղվածությամբ արմատական ​​հակառուսական առցանց լրատվամիջոցի հետ զրույցում, որի տեքստը հրապարակվել է փետրվարի 23-ին՝ այն օրը երբ ՌԴ-ն նշում էր իր պետության համար կարեւոր  նշանակություն ունեցող՝ Հայրենիքի պաշտպանի օրը: Արձագանքելով ՀՀ երրորդ նախագահի այն հայտարարությանը, թե Հայաստանը կարող էր օգտագործել «Իսկանդերը» պատերազմի չորրորդ օրը, Փաշինյանը նշեց. «Կարծում եմ, որ նա պետք է ունենա շատ հարցերի պատասխաններ եւ ոչ թե տա հարցեր, որոնց պատասխանները գիտի: Կամ գուցե նա կպատասխանի, թե ինչու կրակված «Իսկանդերի» հրթիռները չեն պայթել կամ պայթել են միայն 10% -ով»: Լրագրողի հարցին, թե «իսկ նման բան հնարավո՞ր է», գործող վարչապետը պատասխանել է. «Չգիտեմ... միգուցե 80-ականների զենք էր»:

Փաշինյանը խուսափեց պատասխանել այն հարցին, թե ինչու «Իսկանդերի» երկու դիվիզիոնները, որոնք գտնվում են հայկական բանակի սպառազինությունում, չեն օգտագործվել արցախյան պատերազմի առաջին օրերին: Միայն Ադրբեջանի Գյանջա քաղաքի տարածքում ռազմավարական նշանակության խողովակաշարերին հարվածը կարող էր ակնթարթորեն տապալել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Թուրքիայի տնտեսությունը եւ կանգնեցնել հակառակորդի հարձակումները: Նշենք, որ «Իսկանդեր Է» ՕՄՀՀ-ն ի վիճակի է հակաօդային պաշտպանությունը ճեղքելով՝ մինչեւ 300 կմ հեռավորության վրա, մինչեւ մի քանի մետր ճշգրտությամբ հարվածներ հասցնել: ՀՕՊ ճեղքումն ապահովվում է հրթիռի թռիչքի բարձր հետագծով՝ մինչեւ 50 կմ, թիրախին մոտենալուց ակտիվ ու անկանխատեսելի մանեւրելով, իսկ բարձր ճշգրտությունն ապահովում է դեպի թիրախն ինքնաուղղորդվելու հատուկ համակարգերի միջոցով:

Այսպիսով՝ հեռահարության ու ճշգրտության շնորհիվ նշյալ զինատեսակը հնարավոր է դարձնում կետային հարվածներով ոչնչացնել թշնամու ռազմական-տնտեսական կարեւորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները գրեթե ողջ տարածքում: «Իսկանդերի» հրթիռները կարող են կրել նաեւ միջուկային մարտագլխիկ, ինչով ուղղակի նշյալ զենքի գոյությունը ցանկացած պետության սպառազինության մեջ դարձնում են աշխարհաքաղաքական ազդեցության լուրջ գործիք: Նշենք նաեւ, որ այն նախագծվել է 1996 թվականին, սակայն արտադրության է դրվել 10 տարի անց 2006 թվականին եւ ոչ մի կերպ չէր կարող համարվել 80-ականների զենք, ինչպես ՀՀ վարչապետն էր նշել իր հարցազրույցում:

Փաշինյանը, ով մասնագիտությամբ լրագրող է եւ, ըստ էության, հենց ինքը պետք է լավ տիրապետեր տեղեկատվական աղբյուրներին ու դրա ճշգրտությանը, դժվար թե չի հասկանում իր պնդման անհեթեթությունը, որ «արձակված «Իսկանդեր» հրթիռները չեն պայթել կամ պայթել են միայն 10 տոկոսով» կամ որ դրանք 80-ականների զենք են: Հրթիռային մարտագլխիկը, անշուշտ, կարող է չպայթել, եթե պայթուցիկ նյութը դարձել է անօգտագործելի (օրինակ՝ խոնավացել է): Սակայն եթե այն իսկապես պայթել է, ապա հաստատ հնարավոր չէ, որ դա լինի 10 տոկոսով: Չի կարող վառոդի տակառը, որով, ըստ էության, լիցքավորված է ցանկացած հրթիռ, պայթել միայն մեկ տասներորդով: Փաշինյանը կարող է գործնականորեն ստուգել այդ փաստը՝ փորձելով վառել առնվազն մեկ չոր լուցկու տուփ:

Բացի դրանից, ըստ փաստերի, հրթիռի օգտագործման տարածքը պատերազմի վերջին օրերին արդեն իսկ անցել էր Բաքվի վերահսկողության ներքո, եւ անհասկանալի է, թե ինչ միջոցներով է Փաշինյանին հաջողվել թշնամու վերահսկողության տակ անցած տարածքում ստուգել՝ հրթիռը պայթե՞լ է, թե՝ ոչ, եւ քանի տոկոսով: Դրանից հետո սոցցանցերում տարածվեց  ռուս հայտնի լրագրողի եւ ՀՀ զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի միջեւ տեղի ունեցած զրույցը: Մեջբերենք այդ տեքստը բառացիորեն. «Պատերազմի երրորդ օրը, որպես բանակի շտաբի պետ, ես որոշեցի օգտագործել «Իսկանդերը» երկու ռազմավարական թիրախների դեմ՝ Բաքու-Ջեյհան նավթամուղի ու եւս մեկի, Փաշինյանը կտրականապես արգելեց՝ չնայած ռուսները հասկացրել էին, որ դրա կիրառումը ձեր խնդիրն է, ձեր պատերազմն է: Շուշին ընկնելուց երեք օր առաջ ես Փաշինյանից թույլտվություն խնդրեցի «Իսկանդերի» երկու հարված հասցնել հակառակորդի կենդանի ուժի հսկայական կուտակումներին, որոնք տեղակայվել էին հենց Շուշիի ստորոտում: Փաշինյանը դարձյալ կտրուկ արգելեց դա անել՝ ասելով, որ համաշխարհային հանրությունը մեզ կմեղադրի, եթե միաժամանակ մի քանի հազար թշնամու զինվոր սպանենք: Միայն մեկ անգամ նա ինձ թույլատրեց օգտագործել «Իսկանդերը», սակայն արդեն՝ Շուշի քաղաքի ուղղությամբ, եւ ես կիրառեցի այն: Մենք օգտվեցինք դրանից ու կարողացանք քաղաք մտցնել մի քանի զրահամեքենա, բայց երկու օր անց հրաման եկավ ինձ` թողնել Շուշին եւ նահանջել»:

Իհարկե, սա չի կարող համարվել Գլխավոր շտաբի պետի պաշտոնական կարծիք: Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը գրագետ, երկու ռուսական ռազմական բարձրագույն ակադեմիա ավարտած զինվորական է (1998-2001 թթ. սովորել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիայում, 2008-2010 թթ.՝ ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում) նա կարող էր եւ պարտավոր էր պնդել ռուսական հրթիռային համակարգերի օգտագործումը Արցախում ծավալված ռազմական գործողությունների հենց սկզբում, քանի որ դա կարող էր վճռորոշ դեր ունենալ ու կտրուկ փոխել պատերազմի ընթացքը հօգուտ հայկական կողմի:

2017թ. փետրվարին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության այն ժամանակվա նախարար Վիգեն Սարգսյանը հաստատեց ՌԴ-ից «Իսկանդեր-Է» ՕՄՀՀ-ի գնումը. «Այս զենքի պարամետրերը թույլ են տալիս անվերականգնելի վնաս հասցնել այն երկրի ենթակառուցվածքին, որի դեմ դրանք կարող են օգտագործվել: Ըստ այդմ, «Իսկանդերի» հրթիռներն օգտագործելու որոշումը սերտորեն կապված կլինի իրավիճակի զարգացման հետ»,- հարցազրույցում նշել էր Վ.Սարգսյանը:

«Իսկանդեր-Մ»-ի համար հրթիռների հեռահարությունը 500 կմ է, արտահանման տարբերակի համար («Իսկանդեր-Է»)՝ 280 կմ: «Իսկանդեր-Մ» աերոբալիստիկ հրթիռներն ուղղորդվում են ամբողջ թռիչքի ընթացքում: Սա նրանց հետագիծը անկանխատեսելի է դարձնում եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար դժվարացնում է դրանց կասեցումը: Համալիրը կարող է օգտագործել նաեւ գերճշգրիտ թեւավոր հրթիռներ R-500:

Հայաստանից մինչեւ Բաքու հեռավորությունը 300 կմ-ից մի փոքր ավելի է, իսկ Արցախի տարածքից կիրառելու դեպքում ունակ է խոցել ոչ միայն Ադրբեջանի մայրաքաղաքը, այլեւ ադրբեջանական տարածքի ցանկացած կետ: ՀՀ Վարդենիսի տարածքից մինչեւ Ադրբեջանի Գյանջա քաղաքի մոտակայքում գտնվող ռազմավարական նշանակության խողովակաշարեր հեռավորությունը 170 կմ-ից պակաս է, ինչը թույլ կտա կրկնապատկել խոցելիության ճշգրտությունը:

Եթե Օնիկ Գասպարյանն իրոք առաջարկել է Փաշինյանին «Իսկանդեր»-ներով հարված հասցնել «Բաքու-Ջեյհան» նավթամուղին, իսկ Փաշինյանը հրաժարվել է դրանից՝ մտավախություն ունենալով պատասխան հարվածից, ապա հարց է առաջանում, այդ դեպքում Հայաստանի ինչի՞ն էր պետք նման հզորությամբ զենք: Չէ՞ որ, միեւնույն է, երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը չունի վճռականություն այն կիրառելու եւ իրերի զարգացման ընթացքը փոխելու համար:

«Փաշինյանը պետք է պատասխանատվություն կրի իր հայտարարության համար: Նման լուրջ պնդումներ ներկայացնելը եւ, միաժամանակ, հրապարակավ խոստովանելը, որ ինքը տեղեկացված չի եղել հարցի էության մասին՝ համարժեք վարքագիծ չէ, մանավանդ վարչապետի համար: 80-ականների զենքի մասին նրա ասածները առնվազն տգիտության ու դիլետանտության վկայություն են»,- իր խոսքում նշել է «Իսկանդերի» մշակողներից ինժեներ-կոնստրուկտոր, գիտությունների դոկտոր Վլադիմիր Կովալյովը՝ նշելով, որ նույնիսկ ռուսական բանակը «Իսկանդեր»-ների վերջնական զինումը ավարտել է միայն 2019-ի վերջին: Բազմիցս ականատես լինելով համալիրի փորձարկումներին՝ Կովալյովը չի հիշում մի դեպք, որ մարտագլխիկը պայթած չլինի «թեկուզ մեկ անգամ»: «Վարչապետը պետք է շուտափույթ վերացնի անգրագիտությունը, նրան «լիկբեզ» է հարկավոր»,- հեգնանքով ասել է ռուս գիտնականը:

Սակայն անգամ «լիկբեզ»-ը, ամենայն հավանականությամբ, չի օգնի վարչապետին: Իրականում այս բազմաքայլ կոմբինացիաները, կարծես թե, այլ նպատակ են հետապնդում: Տեսակետներ են շրջանառվում, թե խոսելով ռուսական զենքի, իբր, անարդյունավետության մասին, Փաշինյանն արեւմտյան կողմի համար ազդանշաններ է ուղարկում, ինչն ի վնաս հայ-ռուսական հարաբերությունների, կարող է արեւմտյան քաղաքականության համատեքստում որոշակի ծրագրեր ակտիվացնելու պատուհան բացել: Չնայած Փաշինյանի նմանատիպ հայտարարությունները դժվար թե վնաս հասցնեն Ռուսաստանի ՀՕՊ-ՀՀՊ համակարգերի հեղինակությանը, առավել եւս՝ հայ-ռուսական դարավոր բարեկամությանն ու գործընկերային հարաբերություններին:

Արեւմուտքում, բնականաբար, կգնահատեն այդ հարաբերություններում սեպ խրելու՝ Փաշինյանի ջանքերը եւ կփորձեն աչք փակել ՀՀ ներքաղաքական կյանքում բռնաճնշումների ու անօրինությունների միջոցով իշխանության մեջ մնալու նրա քմահաճությունների առջեւ, քանի որ գործող վարչապետը դա իրականացնելու համար հակառուսական քարոզչության ծիրում մեծ հարված հասցրեց ոչ միայն ռուսական զենքի վարկին, այլեւ Արցախից մի բուռ մնացած հատվածի պաշտպանությանը, որն իրականացնում են ռուս խաղաղապահները, ինչպես նաեւ ՀՀ հյուսիսային սահմանների անվտանգությանը, որի դիրքերում կանգնած են ռուս սահմանապահները:

Պատահակա՞ն էր այս ամենը: Իհարկե՝ ոչ: Արդեն երկար ժամանակ տարածագոտին արեւմտյան եւ ռուսական քաղաքական ազդեցության ոլորտների վերաբաշխելու առումով ոչ մի պատահական քայլ չի արվել: Կշարունակենք հետեւել զարգացումներին:

 

Լյուսի Ստեփանյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.