Արամ Աբրահամյան, «Երկնքով եւ առանց երկնքի: Ազատ գրառումներ ազատության եւ հավատքի մասին», գրառումներ, հեղինակային հրատարակություն, 133 էջ, 2022թ.:
Լրագրող, հրապարակախոս եւ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Արամ Աբրահամյանի նոր գիրքն է, որը հեղինակը նվիրել է հոր` պրոֆեսոր Լեւոն-Հարություն Աբրահամյանի հիշատակին: Այն յուրահատուկ օրագիր է:
Աբրահամյանն անդրադարձել է հոգեւոր, մշակութաբանական եւ բարոյական այն արժեքներին, որոնք կարող են հիմք դառնալ հայկական պետության բարենպաստ զարգացմանը: Ինչպես իր նախորդ երկու գրքերը` «Գերմանական կվինտետը» եւ «Հանճարը` առասպելից դուրս», այս մեկը եւս զուտ լրագրողական աշխատանք է, ընտրված ձեւն էլ` ազատ գրառումներ: «Համարեք սա «100 էջանոց խմբագրական»,- գրքի նախաբանում գրում է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիրը:
Հեղինակը գիրքը բաժանել է 6 գլուխների, որոնցից յուրաքանչյուրում դիտարկում է ասելիքի տարբեր բաղադրիչների բանալիները` «Ազատ կամքի խնդիրը. էլեկտրոնը՝ խնձորի դեմ», «Superbia` գլխավոր մեղքը», «Եվ թող մեզ զպարտիս մեր…», «Ինչպես հանգցնել հավատաքննության կրակները», «Սերը՝ որպես գործողություն», «Տաշելով քարը` մտածիր տաճարի մասին»:
Գիրքը կարելի է ձեռք բերել «Բուկինիստ» խանութների ցանցից եւ «Զանգակ» գրատնից: