25.11.2024

Еженедельный Обзор

Հոկտեմբերի 13-20

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

Հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց իր պաշտոնից: Այս մասին վարչապետը հայտարարել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում: «Ինչպես ասել էի, այսօր հրաժարական եմ տալիս վարչապետի պաշտոնից»,- նշել է Փաշինյանը: Օրեր առաջ France24-ի հետ զրույցում նա ասել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, 10-ին։ Ըստ գործող Սահմանադրության, վարչապետի հրաժարականի դեպքում՝ կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո յոթնօրյա ժամկետում, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:

Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել կառավարության հրաժարականն ընդունելու մասին:

...Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում՝ քվեարկությունից յոթ օր հետո, անցկացվում է նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված՝ վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով: Նոր իշխանությունը հենց այս դիպաշարով էլ մտադիր է ցրել ժողովրդի իրական կամքը չարտահայտող ներկա խորհրդարանը եւ դեկտեմբերի առաջին տասնօրյակում անցկացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ: Այդպիսով, ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, մայիսին տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունը կհասցվի իր ավարտին: Դրա համար այս պահին անհրաժեշտ է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, եւ խորհրդարանը երկու անգամ անընդմեջ չընտրի նոր վարչապետ:

Սահմանադրության այս հոդվածը որոշ իրավաբանների շրջանում տարընթերցման տեղիք է տվել: Մի մասի կարծիքով՝ պետք է ոչ թե 2 անգամ առհասարակ չառաջադրել վարչապետի թեկնածու, այլ կիրառել առաջադրելու, բայց չընտրելու տարբերակը: «Ելք» խմբակցության հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս չի բացառել, որ գուցե հենց այս տարբերակով հասնեն խորհրդարանի լուծարմանը: «Մեծ է հավանականությունը՝ իրավաբանների խորհուրդն է նաեւ այդպիսին, որ այս 14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում կառաջադրվեմ որպես վարչապետի թեկնածու, որպեսզի գործընթացն ամբողջությամբ համապատասխանի օրենքի տառին եւ ոգուն, իհարկե՝ չընտրվելու կանխավարկածով»,- ասել է վարչապետը: Սակայն հանրությանն ամենաշատ մտահոգողը երաշխիքների հարցն է՝ ի՞նչ երաշխիքներ կան, որ խորհրդարանը վարչապետի հրաժարականից հետո այլ թեկնածուի չի ընտրի՝ ըստ էության ձախողելով արտահերթ ընտրությունների գաղափարը: Այս առնչությամբ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշել է. «Եթե բացարձականացնենք՝ երաշխիք որեւէ իրավիճակի համար չկա, բայց կան պայմանավորվածություններ, կա համաձայնություն եւ, ամենակարևորը, կա հասարակական պահանջարկ, եւ եթե երաշխիք՝ ապա միայն ժողովրդի կողմից: Ի վերջո, սա ժողովրդի նախընտրելի սցենարն է եւ չի կարող լինել այլ կերպ, քան ժողովրդի համար նախընտրելի սցենարի իրականացումը»:

Ժողովրդի գործոնն իսկապես ամենազորեղն է, որը չի կարելի թե՛ անտեսել եւ թե՛ չարաշահել: Հուսանք, որ ծանրակշիռ այդ գործոնը հեղափոխության կողմնակիցները չեն չարաշահի, իսկ հակառակորդները՝ չեն անտեսի:

 

Անցած շաբաթավերջին Երեւանի ավագանու հանդիսավոր նիստում կայացավ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը: Մարությանը երդվեց քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, Երեւանի ավագանու որոշումները, ազնվորեն ու բարեխղճորեն կատարել քաղաքապետի լիազորությունները, ծառայել մայրաքաղաքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:

Այնուհետեւ Ավագանու անդամ Արթուր Իսպիրյանն ու Երեւանի պատվավոր քաղաքացի Տիգրան Մանսուրյանը քաղաքապետի խորհրդանիշ լանջաշղթան՝ հայոց 12 մայրաքաղաքների անվանատառերով, հանձնեցին նորընտիր քաղաքապետին: Հանդիսավոր նիստին մասնակցում էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ եւ հոգեւորականներ, Երեւանի պատվավոր քաղաքացիներ, պետական, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ: Ցավոք, քաղաքապետարանի հրավերին, ինչպես նաեւ վարչապետի ավելի վաղ հնչեցրած՝ սիրո եւ հանդուրժողականության կոչին այդպես էլ անհաղորդ էին մնացել Երեւանի նախկին քաղաքապետերը: Նրանից ոչ ոք ներկա չէր երդմնակալության հանդիսությանը:

...Նախ՝ մի հիշեցում առ այն, որ Ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով՝ 65 մանդատներից 57-ը բաժին էր հասել Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքին, 5-ը՝ ԲՀԿ-ին եւ 3-ը՝ «Լույս» դաշինքին: Իր հանդիսավոր երդումը  նորընտիր քաղաքապետը սկսել է Երեւանին ու երեւանցիներին ուղղված սիրո խոստովանությամբ՝ ասելով, որ մեկ առ մեկ հիշում է քարոզարշավի ընթացքում ստացած պատվիրանները եւ փորձելու է դրանք հերթով ի կատար ածել: «Ես խենթանում եմ մեր քաղաքի համար, սիրում եմ առավոտյան նոր ջրված փողոցների թարմ հոտը, աշխատանքի ու դասերի շտապող Երեւանը: Սա մեր Երեւանն է, հրաշք քաղաք՝ հրաշք ճարտարապետությամբ, հրաշք պատմությամբ ու հրաշք մարդկանցով,- նշել է Հայկ Մարությանը:

Անշուշտ, խոսքով կարելի է նույնիսկ սարեր շուռ տալ: Ժողովուրդն ասում է՝ լեզվի տակ ոսկոր չկա: Միայն գործով կարող է նորընտիր քաղաքապետն ապացուցել, թե որքան շատ է սիրում Երեւանն ու երեւանցիներին, որոնք սեպտեմբերի 23-ին բարձր վստահության քվե տվեցին «Իմ քայլը» դաշինքին եւ նրա ընտրացուցակի առաջին համարին: Այդ վստահությունը, սակայն, դեռ ամենը չէ. քաղաքացին պետք է վստահ լինի նաեւ, որ իր խոսքն արժեք ունի, գործը՝ երաշխիք, իսկ մուծած հարկը ծառայում է բուն նպատակին: Նա պետք է սեփական աչքերով տեսնի այն հոգատարության եւ տքնանքի առարկայական պտուղները, որոնք օր օրի թարմ շնչառություն, տեսք ու ոճ կտան քաղաքամայր Երեւանին՝ դարձնելով նրան ավելի գեղեցիկ, մաքուր, արդիական: Դրա համար քաղաքային տնտեսության ղեկավարությունից  ընդամենը կպահանջվի պահպանել երեք «Ա»-երով սկզբնավորվող հայտնի բանաձեւը՝ արհեստավարժություն, անկախություն, արդարություն: Պետք չէ խտրականություն դնել «նորի» ու «նախկինի», «մերի» ու «նրանցի» միջեւ: Ցանկացած ոք՝ եթե համապատասխանում է ներկայացվող բանաձեւին եւ նախկինում վարկաբեկված չէ, պետք է համալրի քաղաքապետարանի կադրային զինանոցը:

Դժբախտաբար, Հայկ Մարությանին աննախանձելի ժառանգություն է վիճակվել: Իրենից առաջ գրեթե բոլոր քաղաքապետերի հիմնական զբաղմունքը եղել է Երեւանը տարբեր շրջանակների ազդեցության գոտիների բաժանելու եւ դրանից սեփական կայուն մասնաբաժինը կորզելու «գործը»: Ամեն ինչ վերածվել էր առուծախի` հողը, շինությունները, կանաչ տարածքները, տանիքը, մինչեւիսկ պատմամշակութային հուշարձանները: Ժամանակակից զարգացող բնակավայր դարձնելու առաքելությունը փոխարինվել էր թաղային հեղինակությունների, տարատեսակ խմբավորումների անձնական շահերի եւ այլ հետաքրքրությունների սպասարկմամբ: Այժմ, կարծես թե, իրավիճակը շտկվում է: Դրա առհավատչյան ընտրվելուց հետո նոր քաղաքապետի առաջին վստահ քայլերն են` ամենշաբաթյա ստուգողական այցերը Նուբարաշենի աղբավայր, ապօրինի շինարարության կասեցումը Զուրաբյան 3 հասցեում, ինչպես նաեւ ակտիվ ռեժիմով քաղաքային տնտեսության առանցքային մյուս խնդիրների քննարկումները: Երեւանցիները փաստորեն Մարությանին վստահել են նրա կյանքի ամենադժվար եւ պատասխանատու դերը` քաղաքապետի պաշտոնը: Ինչպես երեւում է, կան բոլոր նախադրյալները՝ հուսալու, որ ստանձնած նոր դերը եւս երեւանցիների 41-ամյա ընտրյալը գլուխ կբերի դերասանական իր տաղանդին հարիր մակարդակով:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.