Tuesday, 26 November 2024

A Analysis

Հայաստանը՝ կռվախնձոր երկու մահմեդական դավանանքների միջեւ

User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 

Նախորդ թողարկմանը համառոտակի անդրադարձել էինք թուրքերի ծագման պատմությանը: Ներկայիս թեման, ինչպես խոստացվել էր, հայերի մասին է, նրանց ճակատագրի մասին: Ժողովուրդների հետ երբեմն պատահում են այնպիսի բաներ, որոնց իմաստը կարելի է հասկանալ միայն դարեր անց:

Այսպիսով, անհավանական բան պատահեց իրենց ճակատագրին համակերպված հայերի հետ։ Հայ ժողովուրդը՝ հայտնվելով իսլամի անսահման աշխարհում եւ ընդունելով այդ աշխարհի բարքերին խոնարհվելու եւ «քրիստոսասեր» կառավարիչներին ենթարկվելու փիլիսոփայությունը, անզուսպ կերպով սկսեց կորցնել իր բարձր մշակույթը։ Բավական է թեկուզ ծանոթանալ հայերի 15-16-րդ դարերի նյութական մշակույթի նմուշներին՝ համոզվելու համար, թե ինչ խոր փոս է գլորվել մեր ժողովուրդը սեփական նվաճված հայրենիքում։

Այնուամենայնիվ, քաղաքական աշխարհն ունի անքննելի շրջադարձեր։ Երկու ճամբարի` սուննիների եւ շիաների բաժանված մահմեդական աշխարհը, ի դեմս Օսմանյան կայսրության եւ Սեֆյան Պարսկաստանի, ոչ մի կերպ չէր կարողանում բաժանել այս աշխարհը: Եվ այս վեճի կենտրոնում հերթական անգամ Հայաստանի տարածքն էր։

16-րդ դարի հենց սկզբից երկու իսլամական դինաստիաները անգթորեն ոչնչացնում էին միմյանց եւ այն ամենը, ինչ հանդիպում էր իրենց ճանապարհին։ Իսկ ի՞նչ եք կարծում, ի՞նչ որոշեցին անել անհամար մարտերում պարտություն կրող Սեֆյան դինաստիայի անողոք կառավարիչները: Նրանք որոշեցին մարդաթափ անել Հայաստանը եւ այս «կռվախնձորը» վերածել այրված հողատարածքի։ 1602 թվականից ի վեր Արաքս գետի ամբողջ ավազանը սկսեցին դատարկել հայ բնակչությունից՝ մարդկանց տեղափոխելով Պարսկական կայսրության կենտրոնական շրջաններ. այս գործընթացը ստացավ «Մեծ սյուրգուն» անվանումը։

Այս տարածքի բնակչությունը կրճատվեց մինչեւ 20 տոկոսով: Վրացիներն էլ անմասն չմնացին. ընդհանուր առմամբ՝ մի քանի հարյուր հազար քրիստոնյա տեղափոխվեց Պարսկաստան։ Բայց իրավիճակի նրբությունն այն էր, որ տարհանված մարդկանց պարսից շահ Աբբաս I-ը վերածեց պարսկական հասարակության պետականաստեղծ հատվածի կորիզի։ Այսինքն՝ մարդկանց իրենց հողերից վտարելու այս հրեշավոր քաղաքականությունն ուներ հեռահար ռազմավարական նպատակ։

Շահ Աբաս I-ին պետք էր պետականաստեղծ ժողովուրդ։ Քրիստոնյա եւ պարսկական բնակչության օգնությամբ շահ Աբբաս I-ը թյուրքական տարրը հեռացրեց իշխանության լծակներից։ Եվրոպայի երկրների հետ քաղաքական մերձեցմանը նպաստեց Աբաս I-ի հանդուրժողական վերաբերմունքը այլ կրոնների՝ առաջին հերթին քրիստոնեության եւ հուդայականության նկատմամբ։ Շահը ամենայն լրջությամբ մոտեցավ նման ընթացքին։ Կայսրության մայրաքաղաքը տեղափոխվեց Սպահան, որտեղ վերաբնակեցվեց քրիստոնյաների մեծ մասը։ Նոր մայրաքաղաքի մոտ հայերի համար կառուցվեց առանձին արբանյակ-քաղաք՝ Նոր Ջուղա։ Նրանց տրվեցին արտաքին առեւտրի եւ, միեւնույն ժամանակ, կայսրության դիվանագիտության իրավունքները։ Երկրով մեկ մեկնարկեց լայնածավալ եկեղեցաշինությունը։

Բավական է ծանոթանալ այդ կառույցների պահպանված օրինակներին՝ հասկանալու համար այդ դարաշրջանի շինարարության ծավալն ու որակը։ Հայ ժողովրդի մի մասը, այդ թվում՝ Նախիջեւանի, Ատրպատականի, Սյունիքի եւ Արցախի տարածքներում, կրկին նյութական հարստություն ձեռք բերելու եւ իր բարձր մշակույթը զարգացնելու հնարավորություն ստացավ։ Ժողովրդի մշակութային հետընթացը համընդհանուր բնույթ չստացավ։ Նկարագրված ժամանակաշրջանը տեւեց մինչեւ 18-րդ դարի սկիզբը, մինչեւ Պարսկական կայսրությունը սկսեց թուլանալ եւ քայքայվել ներսից։

Այստեղ, իհարկե, հարց է ծագում՝ ի՞նչ եղավ հայության կողմից լքված հայրենիքը երկրի կենտրոնում։ Իսկ եղավ ամենատխուր բանը, որ կարող էր լինել. այս ավերված տարածք սկսեցին քշվել Պարսկական կայսրության կենտրոնական շրջանների թյուրքական եւ քրդական քոչվոր ցեղերը։ Իսկ Օսմանյան կայսրությունում ապրող հայերի հարազատները շարունակում էին իրենց իրավազուրկ կյանքը՝ որպես երկրորդ կարգի հպատակներ, ավելի ու ավելի խորասուզվելով աղքատության ու մշակույթի պակասի մեջ։ Համենայնդեպս՝ ծանոթանալով հայերի այդ շրջանի նյութական մշակույթին, համոզվում ենք դրանում։

Միգուցե երկրի ավերված հատվածը այդպես էլ մնար, եթե չլիներ Պարսկական կայսրության թուլացման հաջորդ փուլը։ 1721 թվականին աֆղանական ցեղերը արեւելքից ներխուժեցին Պարսկաստան, իսկ հաջորդ տարի նրանք գրավեցին պարսկական մայրաքաղաք Սպահանը։ Սուլթան Հուսեյնի որդի Թահմասպը փախավ երկրի հյուսիս եւ այնտեղ իրեն շահ հռչակեց։ Այստեղից սկսվեց Պարսկական կայսրության փլուզման գործընթացը։ Բայց գլխավորն այլ բան էր. Թահմասպը դիմեց Ռուսաստանի օգնությանը՝ փոխարենը խոստանալով հյուսիսային գավառների զիջումը։ Ռուսական զորքերը մտան Դաղստան եւ հյուսիսային Ադրբեջան։

Մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրականությունն արմատապես փոխվեց։ Կորցնելով պարսից շահերի հովանավորությունը՝ հայերը քաղաքական իմաստով անտերության մատնվեցին։ Ճակատագիրը, սակայն, նրանց համար նոր անակնկալ էր պատրաստել՝ հրավեր դեպի իրենց լքված հայրենիք։ Հայությունը կրկին պետք էր այս աշխարհի այն ժամանակվա հզորներին։ Բայց սա առանձին քննարկման նյութ է:

 

Մանվել Սարգսյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.