Tuesday, 26 November 2024

I Interview

Ռուբեն Մեհրաբյան. «Ադրբեջանը՝ ռուսական հարձակողական զենքով զինված, պատրաստվում է պատերազմի»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 
«Հայացքի» հյուրն է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը

- Պարոն Մեհրաբյան, ԵԱՀԿ Մինսկի խումբն այցելել է հակամարտող երկրների մայրաքաղաքներ, ու այս այցելության ընթացքում սահմանին զոհ ունեցանք: Այս երկու իրադարձությունը ինչ-որ բանի հետ պայմանավորո՞ւմ եք, հաշվի առնելով նաեւ, որ սահմանին երկար ժամանակ լռություն էր տիրում եւ, կարծես թե, լարվածությունն էլ թուլացել էր:

- Անշուշտ, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը, որքան էլ համարենք, թե բանակցային գործընթացն ակտիվ փուլում է եւ այլն, ինչ-որ հարցեր է քննարկում կամ ինչ-որ քայլեր է փորձում ձեռնարկել: Բայց մի բան հաստատ է՝ Ադրբեջանը, մեծ հաշվով, մտադիր չէ խնդիրը լուծել բանակցային ճանապարհով: Դրա վկայությունը հայ զինվորի սպանությունն է: Եվ սա ոչ թե միջադեպ է, այլ քաղաքականություն, որն ամրապնդվեց իշխող կուսակցության համագումարում նախագահի թեկնածու առաջադրված Իլհամ Ալիեւի հայտարարությամբ: Սրա հիմնական իմաստը «Երեւանը ետ բերելու»՝ ադրբեջանցիների ռազմավարական նպատակի ամրագրումն է: Ոչ ավել, ոչ պակաս: Սա է Ադրբեջանի քաղաքականությունը, նրա անփոփոխ դիրքորոշումը: Մնացածն ուղղակի կոնյունկտուրային, պահով թելադրված խնդիրներ են: Հայկական կողմն, իհարկե, այս ամենը պետք է հաշվի առնի: Իրողությունը, որ Ադրբեջանը՝ ռուսական հարձակվողական զենքով եւ հեռուն գնացող նպատակներով զինված, պատերազմի է պատրաստվում ընդդեմ Հայաստանի, չի կարելի շրջանցել:

- Իսկ ինչո՞վ կարելի է պայմանավորել Իլհամ Ալիեւի որոշումը՝ կապված Ադրբեջանի նախագահական ընտրությունների ժամկետի հետ, եւ ի՞նչ ազդեցություն կարող է այն մոտ ապագայում ունենալ հակամարտության գոտում:

- Ես դա ավելի շուտ կպայմանավորեի ներքաղաքական դրդապատճառներով: Այստեղ արտաքին խնդիրը գրեթե դեր չունի: Միգուցե նաեւ փորձ է այս ընթացքը ներդաշնակեցնել Ռուսաստանում եւ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներին, որպեսզի երկար սպասել չտա ադրբեջանական վերնախավին, մանավանդ որ, այնտեղ վիճակն այնքան էլ կայուն չէ, եւ ավելորդ սպասողական լարվածությունը, պարզ է, Ադրբեջանի ոչ վերնախավին է պետք, ոչ էլ Ալիեւին: Հետեւապես՝ իրադարձություններն արագացնելու համար Ալիեւը գնաց այդ քայլին, ինչը, մյուս կողմից, ցույց է տալիս, որ դասական իմաստով Ադրբեջանը պետություն չէ, այլ մոնղոլական հորդայի պես մի կազմավորում, որտեղ ամեն ինչ որոշում է մեկ մարդ: Մնացածները հարեմի կարգավիճակում են՝ ունենալով տարբեր աստիճաններ, որոնք ուղղակի սպասարկում են, ոչ թե որոշում: Կամ՝ նույնիսկ մասնակցում այդ որոշումների կայացման գործընթացին: 

- Ի՞նչ վիճակում են, ձեր կարծիքով, Հայաստանի Զինված ուժերն այս պահի դրությամբ՝ թե՛ սպառազինության, թե՛ բարոյահոգեբանական առումով: Արդյո՞ք Պաշտպանության նախարարության ներկա քաղաքականությունն արդարացնում է իրեն:

- Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես անցյալում, այսօր էլ ի զորու է համարժեք պատասխան տալ Ադրբեջանի ձեռնարկած կամ ձեռնարկելիք ցանկացած արկածախնդրության եւ Իլհամի մուրազը թողնել փորում: Մի քանի անգամ հանգամանքները մեզ ստիպել են նրանց բերել սթափության դաշտ, քանզի որեւէ բանական փաստարկ նրանց վրա չի ազդում: Պաշտոնական Բաքուն մինչ այդ արբած էր նավթից եկող միլիարդներով, այժմ արբած է Ռուսաստանից նավերով եկող զենքով, եւ իրեն ամենազոր է զգում: Այդ պատրանքներից, ցնորամիտ հղացումներից պետք է ամենակոշտ ձեւերով զրկել նրանց, եթե լինի դրա անհրաժեշտությունը եւ եթե փորձեն չափն անցնել: Համենայն դեպս՝ ես կարծում եմ, որ Հայաստանի առաջնային խնդիրն է՝ ունեցած պաշարամիջոցներն ու հնարավորությունները պահել մոբիլիզացված՝ երկրի պաշտպանության առաքելությունը ցանկացած պահի պատվով իրականացնելու համար: Ուրիշ տարբերակ Հայաստանը չունի: Միեւնույն ժամանակ հայկական կողմը պետք է ամենագործուն մասնակցությունն ունենա բանակցային գործընթացում, ավելին՝ հայկական դիվանագիտությունը պետք է բավական ակտիվ գործի եւ ճկուն, ծանրակշիռ քայլերով կարողանա միջազգային հանրության մտքին հասցնել իրական պատկերը, թե ինչ որակի հարեւանի եւ ինչպիսի ռազմավարական գործընկերոջ հետ մենք գործ ունենք: Սա հայկական դիվանագիտության սրբազան պարտքն է: Իսկ ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարության որդեգրած քաղաքականությանը, կարծում եմ, որ սա մի աշխատանք է, որը մշտական ջանքեր է պահանջում եւ դեռ շատ կպահանջի: Պետք է ամեն ինչ արվի բացթողումները շտկելու, պակասը լրացնելու համար: Կարծում եմ, որ խնդիրը շատ ավելի գլոբալ է, եւ լավ է, որ կա բանակն արդիականացնելու գիտակցությունը: Համենայն դեպս՝ այս նախաձեռնությունների մեջ գոնե մի կարեւոր բան առկա է. դա գիտակցումն է, որ «ավանդական» մոտեցումներն այլեւս ժամանակավրեպ են եւ կարիք ունեն նորացման եւ ճշգրտման, ինչը պիտի արվի: Մնացածը քննարկման խնդիր է:

- Շնորհակալություն, հետաքրքիր եւ օգտաշահ զրույցի համար:

 

Հարցազրույցը վարեց Գեւորգ Ղահրամանյանը

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.