Կիրակի, Հոկտեմբերի 02, 2022

Ազատ ամբիոն

Պուտինը դաս է տալիս, Նիկոլը պաս է տալիս

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Նախորդ շաբաթ ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում տեղի ունեցած՝ «Բազմաբեւեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արեւելյան 7-րդ տնտեսական համաժողովի լիագումար նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի մտքեր արտահայտեց, որոնք լայն քննարկման առարկա դարձան ինչպես այնտեղ, այնպես էլ հայ հանրության մեջ, քանի որ դրանցից կարելի էր հօգուտ Արցախի եւ Հայաստանի ուսանելի դասեր քաղել։

Պուտինը Կոսովոյի ինքնորոշման օրինակով շեշտեց, որ եթե ՄԱԿ-ի կողմից դա համարվել է իրավունքի իրացում, ապա նույնը պետք է լինի նաեւ Դոնեցկի ու Լուգանսկի դեպքում։ Ինչպես հայտնի է, Կոսովոյի անկախացման հիմքում գլխավորապես դրված էր մի շարք այլ երկրներում հաջող քննություն բռնած «Անջատում՝ հանուն փրկության» բանաձեւը:

Մենք՝ հայերս, բնականաբար, նույնպես կարող ենք այդ սկզբունքը, այսպես ասած, տեղայնացնել Արցախի վերաբերմամբ, բայց՝ ավաղ… Պուտինի հայտարարությունից ընդամենը մեկ օր անց Նիկոլ Փաշինյանի անձնական բազմակի օգտագործման Արսեն Թորոսյանը, անշուշտ, իր տիրոջ հանձնարարությամբ, հրապարակ նետեց մի բարբաջանք, թե Արցախի անկախության հնարավորություն գոյություն չունի։

Այսինքն՝ ռուսները ամենաբարձր մակարդակով ակնարկում են նաեւ Արցախի անկախության հնարավորության մասին, իսկ Հայաստանի իշխանությունն արձագանքում է, թե դա հնարավոր չէ։ Ինչո՞ւ: Որովհետեւ «Անջատում՝ հանուն փրկության» բանաձեւն Արցախի վերաբերյալ կիրառելի՞ չէ, թե՞ Ալիեւին ու Էրդողանին արդեն խոստացված է։ Հավանաբար՝ վերջինս, քանզի վերոհիշյալ սկզբունքն ամենաշատը հենց Արցախի վրա է տարածվում, որը քանիցս ազգային պատկանելության հատկանիշով հալածանքների, էթնիկ զտումների ու ջարդերի է ենթարկվել Ադրբեջանի կողմից:

Վլադիմիր Պուտինի մյուս կարեւոր ակնարկը. խոսելով Ուկրաինայի իշխանության մասին՝ ՌԴ նախագահն այսպիսի մի արտահայտություն թույլ տվեց. դրանք ապօրինի իշխանություն են, քանի որ հեղաշրջման միջոցով են դարձել ղեկավար։

Ուշադրություն դարձրեք այդ մտքին ու «տեղայնացրեք» Հայաստանի վրա։ Հիշո՞ւմ եք, Հայաստանում էլ 2018-ին եղավ հեղաշրջում: Եվ Պուտինի որեւէ խոսք հենց այնպես չէր կարող լինել՝ կողքին ունենալով Նիկոլ Փաշինյան։

Իհարկե, ոմանք հիմա կասեն, թե Հայաստանում 2021-ին եղել է ընտրություն։ Ճիշտ եք, բայց նույնկերպ 2019-ի մայիսին Ուկրաինայում էլ տեղի էր ունեցել ընտրություն, որի ժամանակ հաղթել էր հրեա դերասան Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի իշխանությանը անօրինական անվանելով՝ Պուտինը հստակ ասաց, որ անօրինական է համարում նաեւ դրա կայացրած որոշումները։ Կարծում եմ՝ կարճ ժամանակ անց նույնպիսի հայտարարություն կարվի նաեւ Հայաստանի ապօրինի ու դավաճան իշխանության մասին։ Բայց դրան հասնելու համար նախ Հայաստանում պետք է ձեւավորվի իշխանության ապօրինի ու հակահայկական քայլերի դեմ սկզբունքորեն պայքարող ազգային, ուժեղ ու ժողովրդական ընդդիմություն։

 

Նաիրի Հոխիկյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: