Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Ազատ ամբիոն

Մարդիկ սիրում են լսել այն, ինչն իրենց ունկին հաճո է

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Քանի որ մեր իրականության մեջ ամեն ինչ շատ ավելի վատ է, քան հանրությունը պատկերացնում է, կուզենայի որոշ իրողությունների, կարծիքների եւ թյուր պատկերացումների մասին բացահայտ խոսել։

Միաժամանակ պետք է շեշտեմ, որ մեծ հաշվով ինձ համար միեւնույն է, թե մարդկանց մի խմբի կողմից ռուսամետ կանվանվեմ։ Մարդիկ չգիտեն իրականության ներսը եւ իրենց համար եզրակացություններ են կազմում հստակ քարոզչական տեխնոլոգիաների կիրառմամբ գրված հրապարակումների հիման վրա։

Իրականում մենք կարող ենք շաբաթների ընթացքում կորցնել ոչ միայն ողջ Արցախը, այլեւ Սյունիքը, Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Տավուշի կեսը։ Եթե ձեզ հետաքրքիր է անխառն իրականությունը, ապա ավելի կմանրամասնեմ։

Մարդիկ հիմնականում հավատում են այն տեղեկատվությանը, ինչը իրենց դուր է գալիս։ Դրա վկայությունն է սոցիալական ցանցերում լցված ու միլիոնավոր դիտումներ ունեցող այն աղբը, ըստ որի՝ Նիկոլը, իբր, ծնկի բերեց Էրդողանին կամ, իբր, շուտով Թուրքիան մեզ կվերադարձնի ամբողջ Արեւմտյան Հայաստանը եւ նմանատիպ այլ անհեթեթություններ։

2020-ի նոյեմբերի 10-ին իմ մի քանի «խելացի» ազգականներ համոզում էին, թե պետք չէ նեղվել Փաշինյանի դավաճանությունից, շուտով Արցախի փոխարեն մենք կստանանք Նախիջեւանն ու Արարատ լեռը։

Հասկանում եք, չէ՞, թե ինչպիսի տգիտության եւ ուղղորդված քարոզչության հետ գործ ունենք, որոնց հետեւում, ի դեպ, նստած է հենց թշնամու գործակալությունը։

Օրեցօր ավելանում են Ռուսաստանին հայհոյող եւ Հայաստանի ապագան Արեւմուտքի հետ կապող մարդիկ։ Պարզ է, ռուսները քարոզելուց զրո են, իսկ ԱՄՆ-ն այստեղ գործի է դրել իր ամբողջ քարոզչական ապարատը։ Այդ քարոզչության ազդեցության տակ էլ շատ մարդիկ ինձ, օրինակ, համարում են ռուսամետ կամ ռուսների համար աշխատող։ Ինչեւէ, չեմ արձագանքում, քանի որ այդ մարդկանց կարծիքից առավել հիմա իմ երկրի լինել-չլինելու հարցն է։

Իրականում մեր տարածաշրջանը երբեւէ չի կարող դուրս գալ ռուսական ուղեծրից։ Ռուսները նույն ճակատագրին մեզ կարժանացնեն, ինչպես եղավ Ուկրաինայի դեպքում։ Մարդիկ չեն կարող հասկանալ, որ եթե Ռուսաստանը հեռացավ Ուկրաինայից կամ մեր տարածաշրջանից, ապա մի քանի տարի անց սկսվելու է նույն Ռուսաստանի մասնատումը։ Եթե ձեզ թվում է, թե դա նույն ռուսները չեն հասկանում կամ մեր ճղճղոցներից կթողնեն-կհեռանան, կամ ռուսների հեռանալուց հետո ամերիկացիները կամ բրիտանացիները կգան մեզ տեր կկանգնեն, ապա դուք ոչինչ չեք հասկանում կայսրությունների քաղաքականությունից, աշխարհի վերաբաժանումից ու փոքր երկրների կործանումից։

Մի քանի ամիս առաջ, երբ զօրուգիշեր խոսում էի Բերձորի մասին, էլի կային մարդիկ հենց Բերձորում, որոնք ինձ մեղադրում էին, թե մարդկանց խուճապի եմ մատնում, չեմ թողնում հանգիստ ապրեն։ Ես երբեք չէի ցանկանա, որ Բերձորը հանձնվի, որպեսզի մարդիկ հավատան իմ ճշմարտացիությանը։ Բերձորը հանձնելու օրերին նույն այդ մարդիկ մոտենում ու խոստովանում էին, որ սխալվել են։ Արդեն ուշ էր։ Չեմ ուզենա, որ ամբողջ Հայաստանի առումով նույնը կրկնվի։

Երբ ես պահում եմ ռուսական թեւը, դա ամենեւին չի նշանակում, որ ռուսամետ եմ, ուղղակի ձեզնից շատերից մի քիչ ավելի շատ տեղեկություններ ունեմ գործընթացների մասին, ավելի շատ գիտեմ, թե ինչ են քաղաքական խոհանոցներում խոսում ամերիկացիները, ռուսները, բրիտանացիները, չինացիները, իրանցիները, թուրքերը… Իսկ դուք գիտե՞ք։ Իհարկե, գիտեք այն, ինչ ձեզ ասում են Հայաստանից գնացած ու հիմնականում Եվրոպայում ու ԱՄՆ-ում ապրող բլոգերները՝ իրենց հայհոյանքով ու ատելության խոսքով։ Դա է ձեր «հավաստի» աղբյուրը, որովհետեւ սիրում եք լսել այն, ինչ հաճելի է, սիրում եք կուլ տալ քաղցր թույնը՝ առանց հետեւանքի մասին մտածելու։

Ուզո՞ւմ եք իմանալ, որ ԱՄՆ-ը փակ բանակցությունների ժամանակ Հայաստանի առջեւ դրել է հետեւյալ հարցը. ձեր ճակատագիրը մեզ հետաքրքիր չէ, դուք պետք է հրաժարվեք Արցախից, Սյունիքը տվեք ՆԱՏՕ-ի անվտանգային վերահսկողությանը (թուրքերը՝ ՆԱՏՕ-ի համազգեստով), հեռացրեք ռուսներին Հայաստանից, մենք 10 տարվա ընթացքում Հայաստան կբերենք 20 մլրդ դոլար, դուք կուշտ կապրեք։ Կարեւորը՝ ռուսներին հեռացնեք տարածաշրջանից։

Իսկ ուզո՞ւմ եք իմանալ, որ Ռուսաստանն ասում է. ինձ հետաքրքիր չեն ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը։ Ռուսաստանին 2 բան է հետաքրքրում. 1/ տարածաշրջանը պահել իր հսկողության տակ եւ 2/ թույլ չտալ, որպեսզի տարածաշրջանում Թուրքիան հզորանա։

Հիմա լիքը մարդ կասի՝ բա ինչո՞ւ է Ռուսաստանը այդպես ջերմ հարաբերություններ պահում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Իհարկե, դուք քաղաքականությանը վերաբերվում եք՝ ինչպես մարդկային հարաբերություններին. եթե մեկն ինձ թշնամի է, ապա պետք է ցույց տամ դա… Բայց, ախր, պետք է նայեք մեր փոքրիկ քաղաքական դաշտը եւ դա պրոյեկտեք աշխարհի օրինակով։ Տեսեք, Էդմոն Մարուքյանն ու Ալեն Սիմոյանը միմյանց անբարոյականի վաստակ էին ասում։ Թշնամի՞ են։ Բա ինչո՞ւ մի քանի ամիս անց միմյանց գրկած պաշտոններ են վայելում։

Հասկանո՞ւմ  եք, որ նույնը մեծ քաղաքականության մեջ է։ Նույնը ռուսների ու թուրքերի մեջ է։ 2015-ին Թուրքիան ոչնչացրեց ռուսական կործանիչը, 2 ռուս սպանեց: Հետո սպանեց նաեւ ՌԴ դեսպանին։ Ի՞նչ եղավ։ Այդ պահին՝ ոչինչ, բայց ամիսներ անց ռուսական կործանիչները հողին հավասարեցրին մի քանի թուրքական գյուղ, ոչնչացրին 100-ից ավելի թուրք զինվորներ եւ այլն։

Ռուսներին հիմա շատ պետք է խաղաղ լինել Թուրքիայի հետ՝ մինչեւ կգրավեն Ուկրաինայի սեւծովյան ափերն ամբողջությամբ։ Մնացել է Օդեսան, դա էլ գրավեն՝ Ուկրաինան ամբողջությամբ կտրվելու է Սեւ ծովից։ Ու գիտե՞ք, թե ինչու է Թուրքիան օրական տասնյակ «բայրաքթարներ» ուղարկում Ուկրաինա, որ ռուսների դեմ լավ պայքարեն։

Հետո՞ ինչ, որ Պուտինն ու Էրդողանը միմյանց սեր են խոստովանում։ Ախր դուք նաեւ չգիտեք Ռուսաստանի աշխարհաքաղաքական մեխանիզմը, որ կոչվում է՝ ԹՇՆԱՄՈՒՆ ԽԵՂԴԻՐ ԳՐԿԻԴ ՄԵՋ։ Դա գիտե՞ք որն է։ Երբ մարդուն բարեկամի անվան տակ այնքան ամուր ես սեղմում կրծքիդ, որ շունչը կտրվում ու մեռնում է։ Փորձե՞լ եք։

Ախր դուք չգիտեք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի 2-րդ ամենամեծ բանակն ունեցող երկիրն է, եւ մեր տարածաշրջանին տիրանալու համար մի կողմից պայքարում է ԱՄՆ, Թուրքիա, Ֆրանսիա, Բրիտանիա, Գերմանիա եւ այլ երկրներ խումբը, մյուս կողմից՝ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը։

Ախր դուք պետք է ներքին «ինֆո» ունենաք, որ իմանաք՝ Հայաստանը պատառ-պատառ անելու պատրաստ են Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հանուն իրենց շահերի, եւ մենք ոչ մեկին պետք չենք։ Ուղղակի պետք է իմանաք, որ եթե ռուսներն այստեղ իրենց զորքերն ունեն եւ նրանց այստեղ մնալն իրենց համար գոյության կռիվ է, ապա ԱՄՆ-ի դեպքում խնդիր ունեն տարածաշրջանից հանել ռուսներին ու 10 տարվա ընթացքում մասնատել Հյուսիսային Կովկասում։ Կասեք՝ մե՞զ ինչ։ Համամիտ եմ, բայց ԱՄՆ-ն թքած ունի մեզ վրա՝ այս փոքրիկ երկիրը հանձնելով Թուրքիային։ Հասկանում ե՞ք, թե դա ինչ է նշանակելու։

Հասկանո՞ւմ  եք, որ այսօրվա քարոզչական աղբի զոհը դառնալով՝ դուք օգտագործվում եք գերտերությունների կողմից ու մասնակից եք դառնում Հայաստանի ամբողջական կործանմանը, ինչպես որ 2018-ին ձեզնից շատերը օգտագործվեցին, այսպես կոչված, հեղափոխության մեջ ու մասնակից դարձան պայմանավորված պատերազմով Արցախի մեծ մասի հանձնման ծրագրին, որը, ցավոք սրտի, 5000 հայ զինվորի կյանք արժեցավ:

Մտածեք, հետո էլի տեղեկություններ կտամ, երեւի ձեզ շոկային ինֆորմացիաներ են պետք, որ ռուսի ու ամերիկացիների օգտին խոսելու փոխարեն հասկանաք, որ չսթափվելու դեպքում մեզ կործանում է սպասվում, ժողովուրդ:

 

Նաիրի Հոխիկյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: