Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

5-12 փետրվարի

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Շաբաթվա ամենակարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

 

Հայկական կողմը վերջին մեկ տարում Ադրբեջանին է վերադարձել Արցախյան առաջին պատերազմի ընթացքում անհետ կորած համարվող 108 անձի մարմին, առաջիկա օրերին կփոխանցի եւս 2 մասունք: Այս մասին փետրվարի 9-ին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նրա հաղորդմամբ` փետրվարի 4-ին կայացած հեռավար հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հետ քննարկվել են հումանիտար հարցերը լուծելու ուղիները։ Եվ ՀՀ-ն իր կողմից առաջին քայլն է կատարում առանց նախապայմանների: Ադրբեջանը հայտարարում է 90-ականների առաջին պատերազմի ժամանակ 4 հազար անհետ կորածների մասին։ Այդ պատերազմում հայկական կողմից պաշտոնական տվյալներով` 777 մարդ է համարվում անհետ կորած, եւս 217-ը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։

 

Փետրվարի 8-ին Արցախի ԱԳ նախարարությունը խստագույնս դատապարտում է ադրբեջանական իշխանությունների՝ հատուկ հանձնաժողով ստեղծելու որոշումը, որի աշխատանքը, համաձայն պաշտոնական հայտարարությունների, ուղղված կլինի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող մշակութային եւ կրոնական կոթողներից հայկականության հետքերի ջնջմանը: «Տվյալ քայլը եւս մեկ անգամ համոզիչ կերպով հաստատում է այն ակնհայտ փաստը, որ ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ հայտնված հայկական մշակութային ժառանգությանը լիակատար ոչնչացման կամ պատմական արմատներից անջատվելու իրական վտանգ է սպառնում», - հայտարարում է Արցախի արտաքին քաղաքականության գերատեսչությունը: Արցախից կոչ են անում միջազգային հանրությանը եւ մասնագիտացված միջազգային կազմակերպություններին անհապաղ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ պարտադրելու Բաքվին կատարել իր միջազգային պարտավորությունները՝ «պահպանելով եւ հարգելով հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը, եւ լիարժեք կերպով կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման մասին որոշումը»:

 

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը փետրվարի 7-ին կալանավորվեց. ինչպես սպասվում էր, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարեց Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը։ Դատավոր Բախշիյանը մեղադրվում է անձին ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Բախշիյանը չի ընդունում մեղադրանքը, հայտարարել է՝ իր նկատմամբ կատարվող գործընթացները բացառապես ուղիղ միջամտություն են իր՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը։ Ըստ մեղադրանքի, դատավոր Բախշիյանը ապօրինի կալանավորել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող ամբաստանյալին՝ Նվեր Մկրտչյանին։ Վերջինս Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձն է:

 

ԱԱԾ-ն փետրվարի 10-ին տարածել է հաղորդագրություն ՀՀ տարածքում բացահայտված եւ չեզոքացված լրտեսական ցանցի գործունեության մասին։ Ըստ ԱԱԾ-ի, օտարերկրյա հատուկ ծառայությունների ստեղծած գործակալական ցանցում ներգրավվել են Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայող անձինք՝ շուրջ երկու տասնյակի չափ ՀՀ քաղաքացիներ, ովքեր ի պաշտոնե հնարավորություն են ունեցել առնչվելու պետական ու ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների եւ փաստաթղթերի հետ: Վերջիններս գումար դիմաց բջջային տարբեր հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին մաս-մաս փոխանցել են ռազմական կամ այլ բնույթի տեղեկություններ՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության կատարել դավաճանական գործողություններ, ասված է հաղորդագրությունում: Հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:

 

ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 10-ին իրավունքի ուժով ստեղծվել է 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման ԱԺ քննիչ հանձնաժողով, որի լիազորությունները կիրականացնի ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: «Այս գործընթացը պայմանավորված է բացառապես օրվա քաղաքական իշխանություններին մաքրազերծելու եւ մեղավորներ նշանակելու ցանկությամբ»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ նշելով, որ քննիչ հանձնաժողովները ողջ աշխարհում եւ մեր օրենսդրական տրամաբանությամբ ընդդիմության գործիքներ են։ Ըստ Մամիջանյանի, իշխանության հերթական ծածկադմփոցին չմասնակցելու համար ՊՈՒ-ն «Հայաստան» խմբակցության հետ համատեղ հանդես կգան հայտարարությամբ:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: