Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

Դեկտեմբերի 1-8

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր։ Նրա առաջին կանգառը եղել է Սպիտակի՝ բազմաճյուղ տնտեսություն վարող «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերությունում, որը զբաղվում է տոհմային անասնաբուծությամբ եւ կաթնամթերքի արտադրությամբ։ Նախագահը կարեւորել է այս ոլորտում փորձ ունեցող միջազգային ընկերությունների հետ համագործակցությունը, որը, նրա խոսքով, կօգնի անասնաբուծության եւ գյուղմթերքների արտադրության ոլորտում ներդնել նոր մշակույթ՝ ապահովելով արտադրանքի նոր որակ ու նոր չափորոշիչներ:

Արմեն Սարգսյանն այցելել է նաեւ Դեբեդ համայնքում 2018 թվականի մայիսի 27-ից գործող «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ-կենտրոն, որտեղ

տարբեր գյուղերից եկած երեխաներ են, ընդ որում՝ ոչ միայն Լոռու մարզից:

...Նախագահ Սարգսյանը շրջել է կենտրոնում, որտեղ երեխաները սովորում են ծրագրավորում, պար, անգլերեն, նկարչություն, երգեցողություն եւ այլ առարկաներ: Նա զրուցել է երեխաների հետ, դիտել նրանց աշխատանքները։ Իր հիացմունքը հայտնելով կենտրոնի պայմանների ու ընձեռած հնարավորությունների վերաբերյալ՝ նախագահը շատ կարեւոր է համարել, որ այս կենտրոնը չդառնա երեխաներին հողից, գյուղից կտրելու ճանապարհ: «Այստեղ հաճախող երեխաները պետք է զգան, որ իրենք եւս 21-րդ դարի քաղաքացի են, եւ այստեղ՝ քաղաքից հեռու, գյուղում էլ կարող են կայանալ ու արդյունք ստեղծել»,- ասել է նախագահը՝ խրախուսելով մայրաքաղաքից ու այլ քաղաքներից եւս երեխաների փոխայցելություններն այս կենտրոն: Չէ՞ որ այստեղ նրանք նույնպես կծանոթանան ոչ միայն կենտրոնին ու նրա հնարավորություններին, այլեւ գյուղական կյանքին: «Սա ավելի մարդկային վայր է, եւ այստեղ երեխաները կարող են կայանալ որպես մարդ, որպես քաղաքացի»,- նշել է Սարգսյանը:

Հանրապետության նախագահը շրջել է «Սմարթ» սենյակում, որտեղ երեխաները ցուցադրել են իրենց պատրաստած ռոբոտի հնարավորությունները: Արմեն Սարգսյանը նշել է, որ այն, ինչով նրանք զբաղվում են, նրանց ապագայի գործիքն է: Նա հաջողություն է մաղթել երեխաներին՝ համոզմունք հայտնելով, որ նրանց ստեղծած ռոբոտները հետագայում ավելի կատարյալ կլինեն ու լայն կիրառություն կունենան: Մանուկների զարգացման կենտրոնում, որտեղ այդ օրը ներկա էին նաեւ Գյուլագարակի մակնապարտեզից ժամանած երեխաներ, նախագահի կողմից 1 մլն դրամ նվիրաբերվեց Գյուլագարակի մանկապարտեզին, ինչպես նաեւ 400-ից ավելի գրքեր՝ ՍՄԱՐԹ կենտրոնին: Նախագահը կարեւորել է գիտելիքի ձեռքբերումը: «Ձեր գիտելիքը միշտ ձեզ հետ է, եւ այն երբեք չի արժեզրկվում»,- նշել է նախագահը: Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով կենտրոնի երեխաների հարցերին, նշել է. «Ձեր ապագան ձեր ձեռքերում է: Ձեր ձեռքերում է նաեւ երկրի ապագան»: Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահին եւ տիկին Նունե Սարգսյանին կենտրոնի նկարչական խմբակի երեխաներն իրենց նկարած աշխատանքներն են նվիրել։ Արմեն Սարգսյանը գրառում է կատարել կենտրոնի այցելությունների նորաբաց գրքում. նրա գրառումն առաջինն էր: «Հուզիչ ու հոյակապ է»,- գրել է նախագահը:

 

Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանը, որը Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետն է, դեկտեմբերի 5-ին հրավիրվել է ԱԱԾ վարչական շենք՝ իր մի հաղորդման կապակցությամբ բացատրություն տալու եւ այն հիմնավորող փաստաթղթեր ու այլ նյութեր ներկայացնելու համար: ԱԱԾ-ն միաժամանակ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ունեն տեղեկություն Շահնազարյանի հրապարակած հաղորդման հնարավոր հանգամանքների վերաբերյալ, առաջարկել է ներկայանալ ԱԱ ծառայություն։

...Խոսքը Դավիթ Շահնազարյանի՝ ս.թ. նոյեմբերի 27-ին «Հայելի» ակումբում հնչեցրած մի հաղորդման մասին է եւ առնչվում է Թալինում քարոզարշավի ժամանակ «ՔՊ» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե՝ «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարեւոր էր, քան թե Արցախյան ազատամարտը»: Այս առնչությամբ ահա թե ինչ է հայտարարել Շահնազարյանը. «...Այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանը, իրականում քաղաքական ծրագիր է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ «Իշխանություն՝ Արցախի դիմաց»: Ես խոստանում եմ, որ դուք բոլորդ դրանում կհամոզվեք: Այնպես որ, Սասուն Միքայելյանն ուղղակի արտահայտել է այն, ինչը հանդիսանում է ներկայիս իշխանությունների քաղաքական նպատակը»:

Ըստ էության, Դավիթ Շահնազարյանը դրանով պետական դավաճանության մեջ մեղադրում է իշխանությանն ու անձամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Իր այդ մեղադրանքը Շահնազարյանը պնդել ու հաստատել է նաեւ դեկտեմբերի 4-ին նույն մամուլի ակումբում տեղի ունեցած հերթական ասուլիսի ընթացքում, ընդ որում՝ առանց ասածը հիմնավորող որեւէ կոնկրետ փաստ կամ ապացույց ներկայացնելու: Նա մերկապարանոց հայտարարել է. «Ես այսօր բոլոր փաստերը չի, որ ձեզ ներկայացրել եմ, որոնք ապացուցում են ներկայիս գործող վարչախմբի հակաարցախյան քաղաքականությունը։ Դեռ շատ բան կա»։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության՝ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության բնակչության անվտանգության երաշխավոր, եւ նկատի ունենալով, որ վերոնշյալ ասուլիսներում Դավիթ Շահնազարյանի կողմից հնչեցված հայտարարություններում առկա են պետական դավաճանության հանցակազմի հնարավոր տարրեր՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով, ապա դրանք կարող են դիտվել է իբրեւ հաղորդում առանձնապես ծանր հանցագործության մասին: Հետեւաբար՝ հաղորդումն այժմ քննարկվում է ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտում, ստուգվում են քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելը:

Այնպես որ, ՀՀԿ-ի պատվերով «համերգ» տվող Դավիթ Շահնազարյանը ստիպված է լինելու կամ փաստացի ապացուցել իր ասածները, կամ օրենքի առջեւ պատասխան տալ իր զրպարտությունների համար:

 

Մեկնաբանություններն՝ ըստ «Ազատություն» ռադիոկայանի

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: