26.11.2024

Свободная Платформа

Ռուբինյանը թուրքական ազդեցության գործակա՞լ է

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Հունվարի 17-ին ԱԺ-ում ելույթի ժամանակ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, ով նաեւ հայ-թուրքական հանձնախմբում համակարգում է հայկական կողմի աշխատանքը, սպառնաց, թե այլեւս համբերատար չի լինի նրանց նկատմամբ, ովքեր իրեն կանվանեն թուրքական ազդեցության գործակալ։

Նախ՝ գիտի՞ արդյոք Ռուբենը, թե ինչ է նշանակում «ազդեցության գործակալ» եզրույթը։ 2018-ի աշնանը, երբ ԱԳՆ համակարգում աշխատող ծանոթներիցս մեկի առաջարկով Երեւանի «Շերեփ» ռեստորանում հանդիպեցի այն ժամանակվա ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանի հետ, կարճ զրույցի ընթացքում հասկացա, որ գաղափար չունի, թե ինչ պաշտոն է զբաղեցնում, չգիտեր, թե ինչ է «ժողովրդական դիվանագիտությունը (soft diplomacy), որը քաղաքագիտության ֆակուլտետի յուրաքանչյուր առաջին կուրսեցի լավ գիտի։ Դա Ռուբենի հետ իմ առաջին ու վերջին հանդիպումն էր։ Իմաստ չուներ էլի հանդիպել, թեպետ ոգեւորությամբ իր հեռախոսի համարը տվեց, որ խոսենք։ Այսօր էլ կասկածում եմ, թե նա գիտի՝ ինչ է «ազդեցության գործակալ»-ը, ինչպես որ չգիտի, թե ինքն ինչպես է հայտնվել թուրքական ազդեցության գոտում։

«Ազդեցության գործակալ» արտահայտությունն առաջացել է դեռեւս 20-րդ դարի կեսերին՝ Սառը պատերազմի ժամանակ, երբ ԽՍՀՄ եւ ԱՄՆ հատուկ ծառայությունները բարեկամանում ու իրենց ազդեցությանն էին ենթարկում միմյանց պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական ու մշակույթի գործիչներին, լրագրողներին։ Սրանք էլ՝ սկզբնական շրջանում ոչինչ չհասկանալով, իրենց կամքից անկախ, իրենց երկրում քարոզում են հակառակ կողմի արժեքները։ Ժամանակի ընթացքում այնքան են տարվում մյուս երկրով, որ իրենց գործողությունները համակարգում են հենց այդ երկրների հատուկ ծառայությունների հետ։ Այսինքն՝ ազդեցության գործակալը վերածվում է իրական, մտածված գործակալի։

Հիմա վերադառնամ Ռուբեն Ռուբինյանին։ 1990 թվականի մարտի 8-ին ծնված այս երիտասարդը ԵՊՀ-ն ավարտելուց անմիջապես հետո՝ 2011-ին, հատուկ ծրագրով տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, սովորել այնտեղ մեկ տարի, իսկ 2012-ին նույնպիսի հատուկ ծրագրով սովորել Լեհաստանում։

2017-ին Թուրքիայում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամի ֆինանսավորմամբ տեղափոխվել է Թուրքիա եւ, ուշադրություն դարձրեք, «փորձի փոխանակման նախագծի» շրջանակում հետազոտություն իրականացրել Ստամբուլի «Սաբանջը» համալսարանում։

Երկու խոսք թուրքական «Սաբանջը» համալսարանի մասին։ Այս բուհի հիմնադիրը թուրք ազգայնական գործարար Հաջը Օմերն է, ով 1934 թվականին Քեմալ Աթաթուրքի խորհրդով ընտրել է Սաբանջը ազգանունը եւ նույն Աթաթուրքի օգնությամբ տիրացել Ադանայի հայերի անհատական ու եկեղեցապատկան ունեցվածքին՝ ընդհանուր առմամբ՝ 100 մլրդ դոլար։ Այս թուրքի զավակները քարոզչական կրթության նպատակներով 1994 թվականին հիմնել են «Սաբանջը» համալսարանը՝ այնտեղ աշխատելով հիմնականում օտարերկրացի ուսանողների հետ։ Թուրքական այդ բուհի դասախոսների մեջ շատ են Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները։

Ռուբեն Ռուբինյանը 2017-2018 թվականներին հետազոտություն է արել հենց «Սաբանջը» համալսարանում եւ Հայաստան է վերադարձել 2018-ի ապրիլյան հանրահավաքների օրերին։ Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանի Գյումրի-Երեւան քայլերթը եւ արագաչափեր փակելու արդյունավետությունն առաջին անգամ փորձարկվել է 2017-ին նույն Թուրքիայում՝ Անկարա-Ստամբուլ քայլերթով։ Ռուբեն Ռուբինյանի սիրելի թուրքական «Սաբանջը» համալսարանում գործող «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում» (IPC) էլ հենց մշակվել է «ՀԿ-ների դերի բարձրացման եւ նրանց միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու նախագիծը»։ Նույն Ռուբենը հենց «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում» (IPC) եղել է 1 տարի։

Հիմա հռետորական հարց՝ Ռուբեն Ռուբինյանը բրիտանական կամ թուրքական ազդեցության գործակա՞լ է։ Այդ տղան սպառնում է, թե չկա մեկը, ով կարող է իր դիմաց կանգնել ու երեսին նման բան ասել։ Ես կարող եմ:

 

Նաիրի Հոխիկյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.