25.11.2024

Свободная Платформа

Ռազմահայրենասիրական ցնորաբանություն

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Մեր հասարակությունը վաղուց է տառապում միֆոմանիայով՝ պաշտելի անցյալի մասին շարունակաբար անիմաստ ու մտացածին առասպելներ հորինելով: Անցյալը նույնքան սիրելի է, որքան փտած ծառի անտեսանելի արմատները, որոնք, ի տարբերություն աչքի զարնող մահացած ճյուղերի ոչ այնքան հաճելի պատկերի, պերճաշուք երեւակայությանը մեծ զարկ են տալիս: Բացի դրանից, հասարակությունն անվերապահորեն հավատում է իր իսկ հորինած առասպելներին, ինչի արդյունքում տառապում է նաեւ մեգալոմանիայով՝ մեծամոլությամբ. մենք իսկապես հավատում ենք, որ լավագույնն ենք, ամենակատարյալն ու ամենավսեմագույնը, ինչը փորձում ենք ապացուցել ուրիշներին նսեմացնելու եւ վատաբանելու հաշվին: Սակայն, տարօրինակ կերպով, ամբողջ աշխարհից մեր պատկառելի «արժանապատվությանը» համարժեք հարգանք ու խոնարհում ենք պահանջում եւ, ուշադրության պակասի ախտանիշով տառապող երեխայի պես նեղսրտում, երբ հանկարծ աշխարհը մեզ «ըստ արժանվույնի» չի ընդունում ու չի գնահատում:

Այս ամենը, թերեւս, գալիս է թերարժեքության խորը բարդույթից, քանի որ ենթագիտակցորեն հասկանում ենք, որ պատմության որեւիցե դրվագում մինչ օրս չենք կարողացել կայանալ: Ու անկարությունից ելնելով՝ մնացյալ աշխարհի հանդեպ վախով եւ ատելությամբ լցված, սեփական վեհության պատրանքը պահելու միակ տարբերակը մեզ համար մնում է կաղապարի մեջ փակվելը եւ անվերջ երեւակայելը:  Եվ մեծ խնամքով կերտված այդ առապելների ու կաղապարի անքակտելիության պահպանման համար անգամ վեր ենք խոյացրել տգիտության բաստիոններ, այսպես կոչված՝ կրթական հաստատություններ, որտեղ ուսուցիչները զբաղված են գիտելիքակեղծմամբ, եւ հենց այդ բաստիոններում սերունդները պետք է պատշաճ ռազմահայրենասիրական դաստիարակություն ստանան ու պատվով ստանձնեն թնդանոթի միս դառնալու առաքելությունը, քանզի «պարտիան» է այդպես ցանկանում:

Բնական է, որ առասպելական ցնորքներով ապրող եւ սնվող հասարակության համար ռազմահայրենասիրությունը դառնում է համադարման: 19-րդ դարի ֆիդայական ռոմանտիզմով տոգորված գավառական հայրենասիրության խորապատկերին այլ բան, քան «ազգ-բանակ» տխրահռչակ հարացույցը, չէր էլ կարող բուսնել: Հյուսիսային Կորեային բնորոշ ռեւանշիստական ռազմահայրենասիրության միջոցով հնարավոր է դարձել համախմբել հասարակության տարբեր շերտերի. թե՛ իշխանության սպասավորները, թե՛ իշխանություններին քլնգողները փորձում են հայրենասիրության ցուցանիշով միմյանց ամեն կերպ գերազանցել: Բոլոր ռազմահայրենասերները ինքնամոլոր զբաղված են հայրենիքի պաշտպանության սուրբ գործով եւ նրանց պե՛տք չէ շեղել անպատեհ մոլորություններով, ինչպիսիք են  պետականաշինության հարցերը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները եւ այլ  օտարամոլ միտումներին հարիր այլասերումները...

Ռազմահայրենասիրությունը ոչ միայն բոլոր ստահակների վերջին հանգրվանն է, այլ նաեւ գիտակից միտքը աշխարհից օտարելու եւ անմասն թողնելու լավագույն ճանապարհը: Համատարած տգիտության ու բարձր զգայականության պայմաններում չափազանց հեշտ է փոխարինել եւ փոխակերպել արժեքները՝ դրանք վերջնականապես իմաստազրկելով եւ անպիտան դարձնելով: Անդեմ ու բարոյալքված, ֆաշիստական էքստազով պարուրված հասարակությանը չափից դուրս հեշտ է կառավարելը՝ այն զուրկ է արժեհամակարգային բոլոր ուղենիշներից եւ կարող է հեշտությամբ արդարացնել ցանկացած զանցանք:

Ո՞րքան սպառված պետք է լինի հասարակությունը, որ նմանատիպ ռազամահայրենասիրական ցնդաբանությունների հանդեպ դիմադրողականություն չունենա եւ չընդվզի իր եւ համամարդկային բոլոր արժեքների միջեւ անջրպետ դնելու մոլուցքով տառապողների դեմ: Կամ, միգուցե, այդ համամարդկային արժեքները բոլորովին էլ մերը չեն… միգուցե, անգամ առանց գիտակցելու, արդեն ընտրել ենք մեր քաղաքակրթական ճամբարը:

 

Մարինա Մուրադյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.