Վերջերս ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գիտի՝ սրճարաններում ծխում են: Ասել է թե՝ հանրային վայրերում ծխախոտի արգելքի մասին օրենքը չի գործում: Սակայն Փաշինյանը չգիտի, որ ծխում են ոչ միայն սրճարաններում, այլեւ հասարակական տրանսպորտում՝ վարորդները:
Օրեր առաջ էր: Բարձրանում եմ կապույտ գույնի թիվ 11 երկար ու նոր ավտոբուս եւ նկատում՝ վարորդն անդարդ ծխում է: Լեփլեցուն ավտոբուսի մեջ: Տեսավ, որ ուշադիր նայում եմ ծխախոտին, ձեռքը հանեց պատուհանից, որ իբր ծուխը դուրս գա, բայց սրահն արդեն հասցրել էր լցնել ծխով: Տեսչական մարմիններ չկա՞ն, պարբերաբար ստուգումներ անցկացրեք: Օրենք եք ընդունում, հետեւեք կիրարկմանը: Ի՞նչ եղան միասնական մշտական տոմսերը, ի՞նչ եղան էլեկտրոնային կանգառները:
Մետրոն օրվա գրեթե բոլոր ժամերին լեփլեցուն է. շարժակազմը համալրեք, գնացքների թվակազմն ավելացրեք: Երբեմն էլ ձեր ծառայողական մեքենաներից իջեք եւ ապրեք միջին վիճակագրական երեւանցու «տրանսպորտային» կյանքով: Այդ դեպքում երեւանցու խնդիրները միայն ընտրություններին ընդառաջ չէ, որ կնկատեք: Եթե, իհարկե, նկատեք: Եվրոպայում ես մեքենայի կարիք գրեթե չեմ զգում, երբ այնտեղ եմ մեկնում, քանի որ համակարգը շատ զարգացած է: Երեւանում անգամ օդանավակայանին քաղաքի հետ կապող ավտոբուս չկա, որ ճամպրուկներով երթեւեկելու հնարավորություն ընձեռի:
Եվ, ընդհանրապես, քաղաքային տրասնպորտի վիճակը գնալով ավելի է վատանում: Զանգահարում ես քաղաքապետարանի թեժ գիծ, բայց այնտեղ ինքնապատասխանիչը հայտնում է, որ աշխատանքային օրն ավարտվել է ժամը 6-ին: Վարորդներին դիտողություն արդեն չեմ անում, քանի որ ես եմ լինում միակ հանդիմանողը, զուգահեռաբար՝ գրեթե միշտ աշխատում է ուղեւորների «փաստաբանական» խումբը. «խեղճ վարորդն ի՞նչ անի, անընդհատ ղեկին է, բա չծխի՞»:
Երեւանում չգիտես՝ ինչպես երթեւեկես. մեքենայով դուրս գալուց՝ հայտնվում ես երկարուձիգ խցանումների մեջ, քաղաքային տրանսպորտը լեփլեցուն է, եթե, իհարկե, հայտնվում է, տաքսիների սպասարկման մասին էլ չասեմ: Սեփական մեքենայով երթեւեկելը, անշուշտ, ամենահարմարն է, բայց եթե քաղաքային տրանսպորտը լավ աշխատի, ապա կենտրոնում կայանատեղիներ փնտրելու կամ խցանումների մեջ հայտնվելու հեռանկարից խուսափելու համար երբեմն կնախընտրենք տրանսպորտը: Քաղաքի բնակչությունն ավելացել է Ուկրաինայից եւ Ռուսաստանից եկածների հաշվին, սակայն շահագործվող տրանսպորտի ծավալը, հավանաբար, մնացել է անփոփոխ:
Ես ժամանակին հոդվածաշար եմ հրապարակել տրանսպորտի մասին, Տալլինում, օրինակ տրանսպորտն անվճար են դարձրել, որ օդի աղտոտվածությունը նվազի: Դա մի քանի տարի առաջ էր, հիմա չգիտեմ, թե ինչ է փոխվել: Հարմարավետ քաղաքային տրանսպորտը հնարավորություն է տալիս բեռնաթափել քաղաքը, եւ անգամ մեծ պայուսակներով հնարավոր կլինի հարմարավետ երթեւեկել:
Կա նաեւ այլ խնդիր՝ քաղաքային տրանսպորտից օգտվելու մշակույթը, բայց այս մասին մեկ այլ առիթով: Քաղաքային տրանսպորտը պետք է բարելավվի. դա քաղաքային իշխանության պարտականությունն է, բայց հիմա ո՞վ է հիշում պարտականությունների մասին:
Նարինե Մկրտչյան