07.10.2024

Еженедельный Обзор

9-16 սեպտեմբերի 2023թ.

Рейтинг: 5 / 5

Звезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда активна
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Շաբաթը հագեցած էր բուռն իրադարձություններով. շարունակվում էր Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, սեպտեմբերի 11-ին մեկնարկել էր ԱԺ նոր նստաշրջանը, չորեքշաբթի խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի օրն էր, որը բավական աղմկոտ անցավ, սեպտեմբերի 9-ին Արցախի ԱԺ հատուկ նիստում նոր նախագահ ընտրվեց առաջադրված միակ թեկնածուն՝ Սամվել Շահրամանյանը, իսկ սեպտեմբերի 12-14-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու ՀՀ կառավարության շենքերի դիմաց բողոքի ցույցի էին դուրս եկել Երեւանի եւ ՀՀ տարբեր մարզերի մի շարք դպրոցների ուսուցիչներ: Եվ շաբաթավերջին մոտ քարոզարշավի շրջանակում իրենց ամփոփիչ հանրահավաքներն անցկացրին մայրաքաղաքի ավագանու ընտրապայքարի գրեթե բոլոր մասնակիցները, այդ թվում՝ հիմնական հավակնորդները. ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքը՝ սեպտեմբերի 14-ին, եւ իշխանական «Քաղպայմանագիր» կուսակցությունը՝ սեպտեմբերի 15-ին: Սույն իրադարձություններից ամենակարեւորների վերաբերյալ մեր մեկնաբանությունները՝ ստորեւ:

 

Աղմկոտ հարցուպատասխան

ՔՊ խորհրդարանական խմբակցության պատգամավորները, որոնց մի մասն այդ օրերին զբաղված էր Տիգրան Ավինյանի քարոզարշավով, զգուշացվել էին, որ չորեքշաբթի՝ սեպտեմբերի 13-ին, ներկա գտնվեն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի նիստին, որին Փաշինյանը պիտի մասնակցի եւ պատասխանի պատգամավորների հարցերին: Առանձին քննարկման նյութ է, թե ինչ ասել է՝ պատասխանել պատգամավորների հարցերին, հատկապես, երբ հարց տվողն ընդդիմադիր խմբակցության անդամ է, իսկ պատասխանողը՝ Նիկոլ Փաշինյանը: Իր հասցեին ցանկացած քննադատություն, «ուղիղ ճակատին» ասված ցանկացած խոսք նա ընկալում է որպես անձնական վիրավորանք եւ շատ հաճախ ուղղակի պոռթկում է:

Ընդ որում՝ պոռթկալը «բռնում է» ոչ թե հանկարծակի կամ հանգամանքների բերմամբ, այլ այնպես, կարծես հատուկ դրան պատրաստված լիներ: Ընդհանուր կանոնից նա այս անգամ փորձեց շեղվել՝ ջանալով զսպվածություն պահպանել, երբ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը հիշեցրեց 2022թ. ապրիլին ԱԺ-ում արած նրա պնդումը, թե միջազգային հանրությունը հորդորում է «ԼՂ կարգավիճակի հարցում մի փոքր իջեցնել նշաձողը, եւ մենք կապահովենք կոնսոլիդացիա Հայաստանի շուրջ»: Պատգամավորն ուզում էր իմանալ, թե ինչու չապահովվեց այդ «կոնսոլիդացիան», ավելին՝ թշնամու կողմից նոր սրացում է գեներացվում սահմանին. «Ի՞նչ եք պայմանավորվել, ի՞նչ եք խոստացել, որ Ադրբեջանն ուզում է ուժի սպառնալիքով ստանալ»:

Ի պատասխան՝ Փաշինյանն անցավ «հակագրոհի», այսինքն՝ համեմատաբար ավելի մեղմ հնարքի, եւ ասաց. «Ադրբեջանն ուզում է ուժի սպառնալիքով ստանալ այն, ինչ դուք 1999-ին պայմանավորվել եք: Ուզում է ստանալ այն, ինչ ավելի ուշ էլ եք պայմանավորվել, ուզում է ստանալ այն, որ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ մենք համաձայնել ենք դուրս գալ 7 շրջաններից, բայց ամեն անգամ Ադրբեջանը նորանոր պահանջներ էր առաջադրում: Այ, դա էր ուզում ստանալ Ադրբեջանը»: Փաշինյանի մանիպուլյացիաների զինանոցում «հակագրոհը»՝ մեղքն իրենից դիմացինին կամ նրա շեֆին հասցեագրելու հնարքը, բավական արդյունավետ է գործում, սակայն զինանոցի «ծանր հետանին», մնում է «պոռթկումը», որին դիմում է ծայրահեղ դեպքերում:

Այսուամենայնիվ՝ միշտ չէ, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի շահարկումների զինանոցն անվրեպ աշխատում է: Մանիպուլյացիոն գործիքակազմի ՕԳԳ-ն իջնում է զրոյական նիշի, երբ բախվում է լավագույնս հիմնավորված եւ գրագետ ձեւակերպված, համոզիչ հակափաստարկների: «Այդ երբ Ալմաթին դարձավ ԼՂ խնդրի կարգավորման հիմք, եւ ով է դրա նախաձեռնողը» հարցը շփոթեցրեց Փաշինյանին, եւ մինչ վերջինս իրեն կհավաքեր, հարցորդը՝ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, համապատասխան փաստաթղթերով ապացուցեց, որ Ալմաթիի հռչակագիրը ինչպես Հայաստանը, այնպես էլ որեւէ այլ պետություն չի վավերացրել՝ ոչ վերապահումներով, ոչ առանց վերապահումների:

Խաչատրյանի փաստմամբ՝ այդ հռչակագիրը ՀՀ օրենսդրության մաս չի հանդիսանում, ինչպես բազմիցս փորձել է մեզ համոզել Փաշինյանը: Պատգամավորի խոսքով՝ 1992-ին ՀՀ-ն վավերացրել է Ալմաթիում ստորագրված մեկ այլ փաստաթուղթ, որով Հայաստանը միանում է Մինսկի համաձայնագրին: «Սա Ադրբեջանը չի վավերացրել եւ միացել է ԱՊՀ-ին»,- նա թղթապանակից հանեց կլոր կնիքով հաստատված մի քանի փաստաթղթեր, որոնք իրավականորեն ՀՀ օրենսդրության մաս են կազմում եւ Արցախի՝ ադրբեջանական պատկանելության վերաբերյալ ոչ մի հաստատագրում չունեն: «Անկեղծ ասած՝ կասկածում եմ, որ երկրի հինգ տարվա ղեկավարն այս հույժ կարեւոր փաստաթղթերին տեղյակ չլինի»,- հավելել է ընդդիմադիր պատգամավորը։

Կասկածի տեղ, անշուշտ, կա:

 

Նախագահը փոխվեց, իսկ իրավիճա՞կը…

Արցախի Հանրապետությունը նոր նախագահ ունի, որն ընտրվել է սեպտեմբերի 9-ին՝ ԼՂՀ ԱԺ-ում նրա թեկնածության օգտին քվեարկած 23 պատգամավորից 22-ի կողմ ձայների արդյունքում: Դեմ է քվեարկել մեկը: Քվեարկությանը չի մասնակցել Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցությունը, որն ԱԺ-ում ունի 9 պատգամավորական աթոռ: 45-ամյա Շահրամանյանը Բակո Սահակյանի իշխանավարման տարիներից բարձր պաշտոններ է զբաղեցրել՝ ԱԱԾ տնօրեն, ԱԽ քարտուղար եւ այլն: Օգոստոսի 31-ին ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նա նշանակվել էր Արցախի պետական նախարար:

Ըստ լավատեղյակ աղբյուրի տարածած տեղեկությունների, Սամվել Շահրամանյանը ՀՀ իշխանությունների հետ, ի տարբերություն նախկինի, հարաբերվելու է ոչ թե ուղղահայաց, այլ՝ հորիզոնական, այսինքն՝ կուրորեն չի կատարի Փաշինյանի հրահանգները, թեեւ սուր առճակատման էլ չի գնա։ Աղբյուրի վկայությամբ՝ դժվար է Շահրամանյանին ռուսական գծի գործիչ համարել, բայց Արցախի նախագահը պետք է առաջնորդվի նախ Արցախի շահով, ինչը նշանակում է՝ հաշվի առնել խաղաղապահների գոյությունը եւ արդյունավետ հարաբերվել ՌԴ-ի հետ:

«ԼՂ-ն պիտի կարգավիճակ ստանա, ՀՀ-ի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով, այլ ճանապարհներ կարող են գործարկվել, բայց դրանք չպետք է փոխարինեն միջանցքին»,- սեպտեմբերի 9-ին Արցախի ԱԺ նիստում հայտարարել է նախագահի թեկնածուն։ Առկա մարտահրավերներին դիմագրավելու առումով կարեւորել է նախագահի ինստիտուտը եւ երկրի ղեկավարի հատկանիշներից ընդգծել իրականության սթափ գնահատումն ու պատրանքներից զերծ մնալը: Ծրագրային դրույթներից առանձնացրել է պետականության ամրապնդումը, ներքին կայունության հաստատումը, ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացումը, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը, կարգ ու կանոնի եւ օրինականության հաստատումը:

Դե, ինչ, դատողություններն առողջ են, թիրախներն՝ ընտրված, քաղաքական ուղեգիծը՝ հստակ: Մնում է մաղթել բոլոր կանխագծումների իրականացում, իմաստնություն, հետեւողականություն եւ, իհարկե, հաղթանակներ՝ ի բարօրություն հայոց Արցախի:

 

Ուսուցիչ դառնալու երազանքը խամրո՞ւմ է

Կրթական համակարգում կուտակված խնդիրները եւ դրանց լուծման հրամայական պահանջը սեպտեմբերի 12-14-ը Երեւանի ու տարբեր մարզերի մի շարք դպրոցների ուսուցիչների բողոքի ցույցի էին դուրս բերել ՀՀ կառավարության եւ ԿԳՄՍՆ շենքերի դիմաց: Մանկավարժները բազմաթիվ դժգոհությունները ունեն՝ սկսած աշխատանքի ցածր վարձատրությունից, վերջացրած կրթական բարեփոխումների շրջանակում ներդրված նոր չափորոշիչներով, որոնց մի մասը ուսուցչի համար միայն հավելյալ ծանրաբեռնվածություն է ստեղծել: Ցուցարարներն ուզում են իրենց մտահոգող հարցերի պատասխանները ստանալ անձամբ վարչապետից եւ ԿԳՄՍ նախարարից:

Ակցիայի առաջին օրն ուսուցիչներին ընդունել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եւ որոշ պարզաբանումներ տվել՝ կապված կամավոր ատեստավորման, ուսուցիչների աշխատավարձի բարձրացման, դասղեկության լրավճարների, ուսուցչի դրույքային ծանրաբեռնվածության նվազեցման եւ այլ խնդիրների հետ։ Բայց, երեւում է, նախարարի պարզաբանումները նրանց այնքան էլ չէին բավարարել, ուստիեւ հաջորդ օրը հավաքվել էին Կառավարության շենքի մուտքի մոտ՝ ակնկալելով հանդիպել վարչապետին՝ ներկայացնելու մարդկանց հուզող հարցերը, հանրակրթության խոցերի մասին իրենց նկատառումները եւ ստանալու եղած դժվարությունները համատեղ ուժերով հաղթահարելու երաշխիքներ:

Ամեն դեպքում՝ եթե առաջին ուսումնական ամսվա եռուն օրերին ուսուցիչները բան ու գործ թողած՝ Երեւանում փողոցներ են չափչփում, նշանակում է դպրոցում մի բան այն չէ: Հասկացանք՝ սեպտեմբերն արդեն կիսվել է, բայց դպրոցական դասագրքերի մեծ մասը դեռ չկա, հրատարակվածն էլ աշակերտներին է հասել նկատելի բացթողումներով, խնդիրներ կան էլեկտրոնային մատյաններում թեմատիկ պլանների գրանցման գործում, բացակայում է ուսուցչի դրույքաչափը կանոնակարգող միասնական համակարգը եւ այլն, եւ այլն: Բայց ուսուցիչները ուսումնամեթոդական նման հարցերով չէ, որ ուզում էին հանդիպել երկրի վարչապետին, խնդիրը շատ ավելի խորքային է:

Ցուցարար մանկավարժներից մեկը շատ հաջող այն ձեւակերպեց՝ «Սերունդը զրկվել է մի կարեւոր երազանքից՝ ուսուցիչ դառնալու երազանքից»: Ասել է թե՝ ուսուցիչ դառնալու ցանկությունը խամրում է, նախկինի պես զավակն այլեւս չի հպարտանում, որ իր ծնողը ուսուցիչ է: Ահա սա է խնդիրը, որ ոտքի է հանել ուսուցիչներին՝ մեկին գիտակցաբար, մեկելին՝ բնազդաբար: Վարչապետն այսօր իր աթոռը պինդ պահելու հոգսին է միայն. նրան հանդիպեք, որ ի՞նչ անի: Կամ Նժդեհին անպատվող նախարարին… Կրթությունը հենց նրանք օտարեցին ու արժեզրկեցին: Արժեզրկեցին ե՛ւ կրթությունը, ե՛ւ բանակը, ե՛ւ եկեղեցին, ե՛ւ բոլոր-բոլոր մեր ազգային արժեքները:

Մարդու լեզուն չի պտտվում ասել, թե մեզ ո՞ւր կհասցնեն այս համատարած արժեզրկումները… Թե՞ արդեն հասցրել են:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Զրուցակիցներն անդրադաձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ տարածաշրջանային հարցերի: Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարերն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը: Կողմերը նշել են, որ շարունակելու են դիվանագիտական ջանքերն այս ուղղությամբ:

Փաշինյանը մեկ օրում՝ սեպտեմբերի 9-ին, ռեկորդային թվով հեռախոսազրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցների ժամանակ՝ խոսելով սահմաններին լարվածության աճից, տեղեկացրել է, որ պատրաստ է հրատապ հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ լարվածությունը թուլացնելու համար։ «Ալիեւը հրատապ հանդիպում անցկացնելու առաջարկ չի ստացել»,- «Ռոյթերզին» ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։

Եվրամիությունը չի ճանաչում սեպտեմբերի 9-ին Ստեփանակերտում անցկացված նախագահական ընտրությունների սահմանադրական եւ իրավական շրջանակը։ Հայտարարությունը տարածած՝ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության խոսնակը միեւնույն ժամանակ ընդգծել է՝ ԵՄ-ն կարծում է, որ Ղարաբաղի հայերի համար կարեւոր է համախմբվել դե ֆակտո ղեկավարության շուրջ, որն «ի վիճակի է եւ ցանկանում է մասնակցել Բաքվի հետ արդյունքներին միտված քննարկումներին»:

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 12-ին այցելել է Պնախարարություն եւ ծառայողական խորհրդակցություն անցկացրել ուժային կառույցների ղեկավար կազմի հետ, որի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի ԶՈւ կողմից սեպտեմբերի 5-ից առայսօր իրականացվող տեղաշարժերին եւ կուտակումներին։ «Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար ճգնաժամի պայմաններում եւ իրադրության հնարավոր զարգացումների դեպքում խաղաղ բնակչության անվտանգության ապահովման հարցերին»,- մասնավորապես ասված է հաղորդագրությունում:

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը սեպտեմբերի 12-ին օպերատիվ գրասենյակ է բացել Տավուշի մարզի Իջեւան քաղաքում։ Գրասենյակի բացման ժապավենը կտրել են Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը եւ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ ԵՄ դիտորդական առաքելությունը գրասենյակներ ունի Մարտունիում, Ջերմուկում Գորիսում, Կապանում, Եղեգնաձորում:

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան կդիմի ՈՒԵՖԱ՝ Եվրո-24 ընտրական փուլում Հայաստան-Խորվաթիա խաղի ժամանակ «հայերի սադրանքի» կապակցությամբ, ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության պետ Էլնուր Մամեդլին։ Երեւանում կայացած խաղի ընթացքում Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի վրա դրոնով բարձրացվել էր Արցախի դրոշը։ Խաղը շատ կարճ ընդհատվել էր:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.