Սերգեյ Նազարեթյան, «Սպիտակի 1988թ. երկրաշարժը լուսանկարներով, փաստերով եւ մեկնաբանություններով», 2018թ.
Երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանի «Սպիտակի 1988թ. երկրաշարժը լուսանկարներով, փաստերով եւ մեկնաբանություններով» գիտահանրամատչելի գիրք-ալբոմը իր բովանդակությամբ յուրահատուկ է, քանի որ ներառում է երկրաշարժին վերաբերող առավել կարեւոր ոլորտները՝ 30 տարվա ժամանակահատվածի համար: Գրքում կան ստույգ տվյալներ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ փլուզվել է առնվազն 10 եկեղեցի: Բուն, հիմնական ցնցումը տեւել է 35-45 վայրկյան:
Գրքում տեղ են գտել 110-ից ավելի լուսանկարներ, մեծ թվով փաստացի տվյալներ, 50-ից ավելի քարտեզներ: Այն թարգմանված է նաեւ անգլերեն:
Ուշադրության կենտրոնում Սպիտակի ավերիչ երկրաշարժն է: Ներկայացված են կորուստները, սեյսմաբանական ու երկրաբանական հետեւանքները, ետերկրաշարժյան իրավիճակը, տարբեր տիպի շենքերի վնասվելու վիճակագրությունը: Աշխատությունը
նպատակ ունի նպաստելու սեյսմիկ պաշտպանության կազմակերպմանը: Ըստ Նազարեթյանի, Սպիտակի երկրաշարժը լավ ուսումնասիրված է, քանի որ աղետից հետո մասնագետներ էին եկել տարբեր երկրներից՝ սկսած Ճապոնիայից, վերջացրած Միացյալ Նահանգներով: