Չորեքշաբթի, Հուլիսի 28, 2021

Ազատ ամբիոն

Ո՞վ խաբեց գերիների առումով

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Նիկոլ Փաշինյանը ապրիլի 7-ին ՌԴ-ում հանդիպումների ժամանակ ակնարկեց, թե ինքը Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել գերիների վերադարձի թեմայով։

Ապրիլի 8-ի 21։33-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ոգեւորությամբ հայտարարեց, թե մի քանի ժամից հայ գերիները վերադառնալու են։

Րոպեներ անց այդ լուրը պաշտոնապես հաստատեցին վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը։

Իրականում լավ լուրը առաջինը տարածելու համար իրար հերթ չէին տալիս բարձրագույն իշխանության մարմինները, մինչդեռ գերիների վերադարձի մասին տեղյակ չէին այդ գործի համար պատասխանատու առանցքային մարմինները՝ ԱԳՆ-ն, ԱԱԾ-ն, ՊՆ-ն։

Որտեղի՞ց էին տեղեկացել գերիների վերադարձի մասին վարչապետի եւ փոխվարչապետի մամուլի խոսնակներն ու Նիկոլ Փաշինյանի մտերիմ պատգամավորը։ Տրամաբանորեն՝ ամենավերին օղակից, քանի որ չէր կարող, օրինակ, Մանե Գեւորգյանը պաշտոնապես հաստատել լուրը՝ առանց Նիկոլ Փաշինյանի համաձայնությունը կամ հանձնարարությունը ստանալու։

Ի վերջո, եթե կար տեղեկություն, ապա պետության ղեկավարն ունի տեխնիկական ռեսուրսներ՝ կապ հաստատելու նաեւ օդում գտնվող ինքնաթիռի հետ եւ ճշտումներ անելու։ Կարո՞ղ էր արդյոք Նիկոլ Փաշինյանը օդանավում գտնվող Ռուստամ Մուրադովից հարցնել գերիների մասին, հետո նոր իր ենթականերին հրահանգել տարածել այդ սուտը։

Ինքնաթիռի վայրէջքից հետո, երբ մարդիկ հասկացան, որ գերիները չեն վերադարձել, Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, թե Ադրբեջանը փոշմանել է։ Արդեն ապրիլի 9-ին Ռուստամ Մուրադովի խոսքից պարզ դարձավ, որ Ադրբեջանը չէր էլ համաձայնել, որպեսզի հետո փոշմաներ․ «Պրովոկացիա էր, թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը։ Գերիների վերադարձ պլանավորված չի եղել, դա սովորական աշխատանքային այց էր»,- ասել է Մուրադովը։

Ստացվում է, կրկին ստե՞ց ՀՀ իշխանությունը։

Սա խոսում է պետական կառավարման ամբողջական տապալման եւ համակարգի բացակայության մասին։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը տառապում է «Պաթոլոգիկ սուտ» հիվանդությամբ, որը հոգեկան խանգարում է եւ այն գնալով խորանում է։

«Պաթոլոգիկ սուտ» հիվանդությունը հանդիպում է ինչպես անհատ մարդկանց շրջանում, այնպես էլ կառույցներում, որոնք ցանկանում են ցույց տալ իրենց կարեւորությունը։ Պաթոլոգիկ ստախոսները կարող են գիտակցել, որ ստում են, բայց շարունակել ավելի ստել, քանի որ դա իրենք աստիճանաբար ընդունում են իբրեւ ճշմարտություն։

 

Նաիրի Հոխիկյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: