Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Ազատ ամբիոն

Սողացող պատերազմ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Սա կոչվում է ՍՈՂԱՑՈՂ ՊԱՏԵՐԱԶՄ, երբ թշնամին աստիճանաբար փոքր տեղային մարտեր է կազմակերպում եւ աստիճանաբար առաջ գալիս։ 2021-ի մայիսին թշնամուն հաջողվեց 2 կմ առաջ գալ Սյունիքի Իշխանասարի Սեւ լճի հատվածում։ Հայկական բանակը նահանջի հրաման ստացավ, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ինքը չի կռվելու այդ տարածքի համար։

Փաստացի ներքին համաձայնություն ստանալով ՀՀ կառավարությունից՝ Ադրբեջանի իշխանությունը շարունակեց սողացող պատերազմը եւ 2021-ի նոյեմբերին շարունակեց առաջխաղացումը։ Այս անգամ թշնամին ոչ միայն Իշխանասարի, այլեւ ավելի վերեւ՝ դեպի Ջերմուկ դիրքերում եւս ագրեսիա սկսեց՝ լավ իմանալով, որ փաշինյանական վարչախումբը հայ զինվորին արգելելու է կրակել ու պաշտպանել ՀՀ սուվերեն տարածքը։

Նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների ամենաթեժ պահին ինձ հանդիպեց մի 60-ամյա տղամարդ, ով չէր կարողանում արցունքները թաքցնել։ Ասում է՝ տղաս ծառայում է, իսկ նրան արգելում են կրակել իր վրա հարձակվող ադրբեջանցու ուղղությամբ։ Մեկ ուրիշը ուշ երեկոյան զանգել էր, ասում էր՝ պայմանագրային ծառայող եմ, էլ չեմ դիմանում այս նվաստացմանը. «Բանակն ունի զենք եւ մարտական պատրաստություն, բայց վերեւից հրահանգում են թողնել ամեն ինչ ու դուրս գալ դիրքերից»,- գանգատվում էր անծանոթը:

Ուրիշ ի՞նչ անվանել սա, եթե ոչ հայ զինվորի կյանքի հաշվին թշնամու հետ թաքուն պայմանավորվածությունների կատարում։ Փոքր քայլերով Ադրբեջանը առաջ է գալիս, իսկ փաշինյանական ռեժիմը մեղադրում է բոլորին՝ ընդդիմությանը, հայ զինվորին, ռուսներին, ամերիկացիներին, բոլորին․․․

Մարտական գործողությունը կանգ է առել, հարաբերական հանգիստ է, հայերը եւս հանգստացել են, իսկ որտե՞ղ է թշնամին։ Ըստ իշխանության ներկայացուցիչների՝ ՀՀ սուվերեն տարածք է մտել ավելի քան 2 կմ։ Մնալու է այնտեղ, եւ հենց դա է թշնամու նպատակը, դա է ՍՈՂԱՑՈՂ ՊԱՏԵՐԱԶՄԻ սկզբունքը։

Շաբաթներ անց էլի նման մի տեղային բախում կանի, եւս մի քանի կմ առաջ կգա, եւ այդպես շարունակ, մինչեւ հասնի իր համար ցանկալի բնագծերի։ Այդ ժամանակ էլ փաշինյանական ռեժիմը կստորագրի սահմանագծման փաստաթուղթը՝ վերջնականապես թաղելով հայկական պետությունը։

Թույլ  չենք տա թաղել մեր երեխաների ապագան։ Եթե ինչ-որ բան պետք է թաղել, ապա ազգովի պետք է թաղենք փաշինյանական իշխանությանը իր իսկ փորած գերեզմանափոսում։

 

Նաիրի Հոխիկյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: