Tuesday, 26 November 2024

F Free Platform

Կապառուսականացվի՞ Հայաստանը

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Հայաստանի հանրության շրջանում Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությունը նոր փուլ է մտնում: Նմանօրինակ դիմակայության համար առիթներ միշտ էլ կարող են գտնվել այն հանրության մոտ, որը զուրկ է քաղաքական կողմնորոշիչներից եւ որի հանրային ընկալումները խիստ պարզունակ են:

Այդպիսի հանրությունը չի հանդուրժում ամենասովորական այլակարծությունը, իսկ բազմակարծությունը համարում է քայքայիչ աղանդ: Նման հանրության մոտ ժողովրդավարության խնդիրներին նվիրված համաժողովները կարող են ընթանալ առանց  բազմակարծության, առանց լրագրողների եւ փակ դռների հետեւում:

Առաջին հայացքից թվում է՝ Հայաստանում Արեւմուտք-Ռուսաստան դիմակայության խորացման պատճառը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի աղմկահարույց հայտարարությունն է: Բայց դա միայն թվում է: Ի վերջո, ԱՄՆ-ը ՀՀ նախկին բոլոր կառավարությունների հետ աշխատել է, աշխատում է ներկա կառավարության հետ եւ աշխատելու է նաեւ հաջորդ կառավարության հետ, եթե, իհարկե, Հայաստանը կարողանա պահպանել անկախ պետականությունը:

Հայաստանում Արեւմուտք-Ռուսաստան դիմակայության խորացման առաջին պատճառը, թերեւս, այն է, որ Հայաստանի ռուսական ընդդիմությունը սկսել է մտահոգվել, թե իբր Նիկոլ Փաշինյանը փոխում է արտաքին քաղաքական ուղղությունը՝ վեկտորը, հակվելով դեպի Արեւմուտք եւ հեռանալով Ռուսաստանից:

Փաշինյանն արտաքին քաղաքական ուղղությունը չփոխեց ո՛չ աղետաբեր պատերազմի ժամանակ, երբ Մոսկվան Անկարայի եւ Ադրբեջանի հետ դավադրություն էին նյութում ընդդեմ Հայաստանի եւ Ղարաբաղի: Փաշինյանն արտաքին քաղաքական վեկտոր չփոխեց, երբ  ռուս խաղաղապահներին լցրեց Ղարաբաղ: Չփոխեց նաեւ, երբ իշխանության եկավ՝ շարունակելով Հայաստանը սեղմած պահել ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի ճիրաններում:

Նիկոլ Փաշինյանը արեւմտյան քաղաքական ուղղություն չի կարող փոխել նախեւառաջ այն պատճառով, որ Արեւմուտքը նրա համար նույնքան անարժեք է, որքան անարժեք է այն ամենը, որից նա առանձապես շատ բան չի հասկանում:

Հայաստանի ռուսական ընդդիմության անհանգստության եւ Արեւմուտք-Ռուսաստան դիմակայության սրացման պատճառն այն է, որ ընդդիմությանը թվում է, թե Արեւմուտքն է Նիկոլ Փաշինյանի իշխանության երաշխավորը: Իրականում Հայաստանում յուրաքանչյուր վատ իշխանության պահպանման երաշխավորը միշտ էլ Մոսկվան է:

Արեւմուտք-Ռուսաստան այս դիմակայությունը Հայաստանում արհեստականորեն է հրահրվում, մանավանդ որ Հայաստանը դեռ կմնա ռուսական ուղեծրում: Մանավանդ որ, Հայաստանում արեւմտականությունը մի ոտքով ռուսականության վրա է հենված:

Հայաստանում Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությունը իրական կարող է դառնալ միայն այն ժամանակ, երբ սկիզբ առնի Հայաստանի եւ հայ հանրության ապառուսականացումը:

Հիմնական խնդիրը սա է. Հայաստանում ցանկացած քաղաքական փոփոխություն եւ յուրաքանչյուր հեղափոխություն անհեռանկար է, եթե փոփոխությունների հիմքում չի դրվում ՀՀ արտաքին քաղաքականության վերանայման եւ Հայաաստանի ապառուսականացման կարեւոր խնդիրը:

 

Նարինե Մկրտչյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.