Տարվա ընթացքում բազմաթիվ անգամներ Թուրքիայից փախչող շատ քրդեր են անցնում Հայաստանի սահմանը եւ հանձնվում հայկական կողմին՝ խնդրելով թեկուզ այստեղ բանտ նստել, բայց փրկել սեփական կյանքը։ Այստեղ որոշ ժամանակ պատիժ կրելով սահմանի ապօրինի հատման համար, քրդերը տեղափոխվում են եվրոպական որեւէ երկիր, որտեղ էլ հիմնականում միանում են հայկական քարոզչական եւ որեւէ այլ աշխատանքի։
Աբրահամ Գասպարյանը երեկ քրդական հավաստի աղբյուրներից ստացել է տեղեկություններ, որ Հայաստանի իշխանությունը առաջին անգամ Թուրքիային է հանձնել երկու քրդերի։ Նրա մեկնաբանությամբ՝ սա նշանակում է, որ.
- ՀՀ իշխանությունը զավթած խունտան ամբողջությամբ ցանկանում է հաճոյանալ Թուրքիայի իշխանությանը՝ Պրահայում հոկտեմբերին սպասվող Էրդողան-Փաշինյան հնարավոր հանդիպմանն ընդառաջ։
- Հայաստանի իշխանությունը փորձում է ապահովել Թուրքիայի չեզոք դիրքորոշումը կամ ճնշումն Ադրբեջանի նկատմամբ, երբ ՀԱՊԿ մոնիտորինգային պատվիրակությունը մեկնի ՀՀ-ից, եւ պաշտոնական Բաքուն՝ օգտվելով առիթից, նախաձեռնի լայնածավալ ռազմական գործողություններ։
- Տնտեսական վատթարացող պայմանների եւ Հունաստանի հետ հարաբերությունների գերլարման խորապատկերին էրդողանը «հավաքում» է սեփական իշխանության օրինակարգության լրացուցիչ հիմքեր՝ բոլոր պետությունների հետ գնալով քաղաքական առեւտրի՝ Սկանդինավյան երկրներից մինչեւ Հարավային Կովկաս։
Իմ կողմից. Քրդերն, իհարկե, 100 տարի առաջ միացել են օսմանյան Թուրքիայի կազմակերպած Հայոց ցեղասպանությանը եւ շատ են հայեր կոտորել։ Դա չենք մոռանում, բայց այսօր քրդական գործոնը էականորեն թուլացնում է Թուրքիային, եւ հայ-քրդական հարաբերությունները բավական լավ հիմքերի վրա են։
Քրդերն Արեւմտյան Հայաստանի ավելի քան 4,5 մլն ծպտյալ ու ոչ ծպտյալ հայերին օգնում են ինքնության պահպանման եւ զարգացման հարցերում՝ լավ հասկանալով, որ ուժեղ հայերը իրենց համար եւս կարեւոր գործոն են։
Քրդերին թիկունքից խփելը հիմա եւս մեկ ուղղությամբ թուլացնում է Հայաստանի տարածաշրջանային դերը։ Չմոռանանք, որ Թուրքիայի քրդերն ունեն Ռուսաստանի եւ Իրանի ոչ բացահայտ աջակցությունը, եւ եթե Հայաստանը նման հիմար, անխոհեմ քայլ է անում քրդերի նկատմամբ, ապա մեզ համար եւս մեկ քաղաքական ու անվտանգային լուրջ ռիսկի դուռ է բացում:
Հիշեցում. Արդեն ավելի քան 2 օր է, ինչ սոցիալական կայքերում լուրեր են շրջանառվում, թե Հայաստանը Թուրքիային է արտահանձնել Թուրքիայի քաղաքացիներ, ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին։ Տեղեկատվությունը տարածողները կատարվածի համար մեղադրում են ՀՀ ԱԱԾ–ին ու իշխանությանը` Թուրքիայի հետ քրդերի հարցում համաձայնության գալու մեջ։
Քրդական խմբավորումները հերքել են Սիրիայի բանտից զինյալների փախուստի մասին լուրերը: Հայաստանին ուղղված մեղադրանքներ ու քննադատություններ կան նաեւ քրդական տեղեկատվական ու սոցիալական աղբյուրներում։
ՀՀ իշխանությունը` ի դեմս ԱԱԾ–ի ու արդարադատության նախարարության, սեպտեմբերի 25-ի երեկոյան հաղորդագրություններ տարածեց. ԱԱԾ–ն հայտնեց, որ դատապարտված անձանց հանձնման գործընթացը դուրս է իր լիազորությունների շրջանակից, իսկ արդարադատության նախարարությունը, հակառակը, հայտարարեց, որ դա իր գործառույթն է, բայց նշված երկու անձանց արդարադատության նախարարությունը Թուրքիային չի փոխանցել։ Թե ինչպես են Հայաստանում գտնվող քրդերը հասել Թուրքիա, հարցը մնում է առկախված:
Նաիրի Հոխիկյան